«Ականատես ենք լինում որոշ ելույթների, որոնք նպատակ ունեն սևացնել ամեն ինչ». Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը խորհրդարանում
Հարգելի խորհրդարան
Հայաստանի քաղաքական կյանքի թե՛ ներքաղաքական թե՛ արտաքին քաղաքական բաղադրիչը բավականին հագեցած է: Թռիչքային զարգացումը, կոռուպցիայի և անարդարության դեմ պայքարը, շարունակում են մնալ կարևոր մեր երկրի համար: Բայց, այնուամենայնիվ, պետք է նշենք, որ անվտանգությունն ու արտաքին քաղաքական մարտահրավերները շարունակում են առաջնային մնալ ՀՀ-ի համար:
Նախկինում մենք նշել ենք 5 գլխավոր կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնենք: Եվ այդ կետերի մեջ անվտանգության և բանակաշինության, ինչպես նաև Արցախի հարցի խաղաղ և հայանպաստ լուծումը մնում են մեր քաղաքական ուժի առաջնահերթություններից մեկը: Կարող ենք արձանագրել, որ նոր կառավարությունը, շարունակելով նախորդ կառավարության արտաքին քաղաքական կուրսը, այն է՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ խորացումը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում շարունակելով մի շարք ծրագրերի իրագործումը («Ես եմ», «Պատիվ ունեմ»), փաստեց, որ թե՛ անվտանգության թե՛ պաշտպանության և թե՛ արտաքին քաղաքական ոլորտում մեր քաղաքական թիմի քայլերն արդարացված էին և բխում էին բացառապես մեր ժողովրդի և պետության շահերից:
Ափսոսանքով պետք է նշեմ, որ, անտեսելով այս ամենը, ականատես ենք լինում որոշ ելույթների, որոնք նպատակ ունեն սևացնել ամեն ինչ: Կարծում եմ՝ դիմացինին սևացնելով, նրանք չեն կարող բյուրեղանալ:
Այո՛, մենք ունենք և ունեցել ենք թերություններ, և ես պատրաստ եմ այդ սխալների և չարածների համար մեր ժողովրդից ներողություն խնդրել: Աստված տա՝ նոր կառավարությունը անի ավելին մեր ժողովրդի համար:
Հարգելի խորհրդարան,
Արցախի հարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, երեք հայնտի սկզբունքների հիման վրա, պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը: Վերջին շրջանում Նախիջևանում զինվորական տեխնիկայի կուտակումը և Արցախում հայ զինծառայողի սպանությունը ևս մեկ անգամ ցույց են տալիս Ադրբեջան պետության ռազմատենչ էությունը: Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ դա սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական բոլոր փորձերը՝ վիժեցնել բանակցային գործընթացը և անտեսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, դատապարտելի են: Կարծում եմ՝միջազգային հանրությունը պետք է հստակ պատասխան տա ադրբեջանցիների ապակառուցողական քաղաքականությանը:
Սիրելի՛ հայրենակիցներ, քաղաքական ուժերը կարող են ունենալ տարաձայնություններ, բայց համազգային հարցերում մենք պարտավոր ենք լինել միասնական, ընդդիմություն թե իշխանություն՝ հասնելու մեր երազանքների ազատ, անկախ ու ազգային Հայաստանի կառուցմանը»:
Լուսանկարը՝ արխիվից