
Մոսկվան ողջունում է Թրամփի և Կիմ Չեն Ընի բանակցությունները

Մոսկվան ողջունում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունների անցկացումը: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ, որն արվել է Սինգապուրում բարձր մակարդակի ամերիկա-հյուսիսկորեական հանդիպման անցկացման կապակցությամբ։
«Ելնում ենք այն բանից, որ ամերիկա-հյուսիսկորեական հարաբերությունների նորմալացումը, որի ձգտումն արտացոլված է կողմերի համատեղ ամփոփիչ հայտարարության մեջ, Կորեական թերակղզու խնդիրների համալիր, ներառյալ միջուկային կարգավորման, անքակտելի մասն է»,-ասված է մեկնաբանության մեջ:
Մոսկվան կշարունակի ակտիվորեն պաշտպանել Կորեական թերակղզու շուրջ ստեղծված քաղաքական-դիվանագիտական գործընթացը: «Մեր կողմից կշարունակենք ակտիվ ջանքեր ներդնել Կորեական թերակղզու շուրջ ստեղծված քաղաքական-դիվանագիտական գործընթացին աջակցելու ուղղությամբ»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: