Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արմավիրի մարզպետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին` ուղեկցությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Սիոն եպիսկոպոս Ադամյանի:

Հայոց Հայրապետն իր բարեմաղթանքները փոխանցեց նորանշանակ մարզպետին` վստահություն հայտնելով, որ Մայր Աթոռի և մարզպետարանի միջև ձևավորված գործակցային սերտ կապերը համատեղ նոր իրագործումներով էլ ավելի կարդյունավորվեն:

Այս առթիվ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ներկայացրեց նաև մարզի տարածքում Մայր Աթոռի և Արմավիրի թեմի կողմից ծավալված գործունեությունը սոցիալական, կրթական և այլ ոլորտներում` մասնավորապես կարևոր նկատելով մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված ծրագրերը:

Այնուհետև իր տեսլականի մասին խոսեց Արմավիրի մարզպետը` Նորին Սրբությանը ներկայացնելով առաջնահերթ ծրագրերը: Պրն. Գագիկ Միրիջանյանը կարևորեց տարբեր բնագավառներում գործակցությունը Հայոց Եկեղեցու հետ:

Վերջում, վերստին իր գնահատանքը բերելով մարզպետին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթեց ձեռքբերումներ և հաջողություններ ի նպաստ Արմավիրի մարզի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս