«Կառավարության հեղինակությունը շատ արագ կարող է տուժել, եթե հասարակությունն արձանագրի մի փաստ». Գևորգ Պետրոսյան
«Մենք՝ որպես կառավարությունում մաս կազմող քաղաքական ուժ, մեկ անգամ չենք հայտարարել, որ շահագրգռված ենք կառավարության հեղինակությունը բարձր պահելու հարցում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրման մասին։
Ըստ նրա՝ կառավարության հեղինակությունը շատ արագ կարող է տուժել, եթե հասարակությունն արձանագրի մի փաստ, որ կառավարության անդամների՝ մինչև կառավարությունում հայտնվելն ասածը և կառավարությունում հայտվնելուց հետո ասածը հակասում են իրար։
«Երբ խոսվում էր կուտակային պարտադիր համակարգի ներդրման մասին, հենց կառավարության առանձին անդամները Սահմանադրական դատարանում ընդգծում էին երեք կարևոր գաղափար։ Առաջինը, որ դա հակասում է սոցիալական պետության գաղափարին։ Երկրորդը, որ պարտադիր կուտակային համակարգով խախտվում է անձի սեփականության իրավունքը։ Երրորդը, որ չկար վստահություն ժամանակի իշխանությունների նկատմամբ, և ժողովուրդը կարող էր կասկածել, որ իր համար բարեկեցիկ կյանք չապահովող իշխանությունը դժվար կարողանա արժանին մատուցել ժողովրդի ներդրման դիմաց։
Ենթադրենք, այսօր ժողովուրդը վստահում է կառավարությանը, իսկապես փոխվել է իրադրությունը, բայց մյուս երկու հիմնավորումները չեն կարող հերքվել։ Մենք՝ որպես կառավարության գործընկեր ուժ, շահագրգռված ենք կառավարության հեղինակությունը բարձր պահելու հարցում, և մենք պատկան մարմինների լիազորված անդամների ուշադրությունն ուզում ենք ուղղել այդ ուղղությամբ, որ ամեն ինչ արվի, որ այս ոլորտում հանկարծ հասարակությունն իր վստահությունը չկորցնի կառավարության նկատմամբ»,- հայտարարեց Գ. Պետրոսյանը։