«ՀՔԾ-ի քննիչների աշխատասենյակներում ՀՀ բարձրաստիճան որևէ պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի». Նիկոլ Փաշինյան

«Այն, ինչ մենք հայտարարում ենք հրապարակային, այն է, ինչ մենք ունենք մեր մտքում»,- այսօր Հատուկ քննչական ծառայության պետին ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե իրենք ասում են, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունեն, որ բոլորն օրենքի առաջ հավասար են, ու դա չի նշանակում, որ որոշ մարդիկ ավելի հավասար են։

«Ուզում եմ լուծել իմ և ՀՔԾ հարաբերություններում առկա փոքրիկ մի դրվագ։ Ես ուզում եմ ասել, որ կարծում եմ՝ ՀՔԾ-ի քննիչների աշխատասենյակներում ՀՀ բարձրաստիճան որևէ պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի, որովհետև ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնք կարող են առնչվել այդ պաշտոնյաներին»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ քննիչների սենյակներում պետք է լինեն միայն ՀՀ զինանշանը և դրոշը։

Նրա խոսքով՝ ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի ՀՔԾ-ն, Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է։ Նա նաև ընդգծեց, որ հատուկ կարևորություն ունի ընտրական հանցագործությունների քննությունը.

«Հույս ունեմ, որ այդ հանցագործություններն այսօր և հետագայում կարժանանան պատշաճ քննության։ Երբ ՀՀ քաղաքացիները գիտեն, որ ՀՀ-ում համատարած բաժանվում են ընտրակաշառքներ, ու դրա արդյունքում՝ իրենք չեն տեսնում, որ դրանք բացահայտվել են, կորսվում է այն պոտենցիալ հարգանքը, որ կարող է լինել իրավապահ մարմինների և պետության նկատմամբ»։

https://www.youtube.com/watch?v=ZGceg9cufXQ

Տեսանյութեր

Լրահոս