Թրամփը Կիմ Չեն Ընի հետ համաձայնության է եկել մի քանի հրթիռային զինափորձարանների վերացման շուրջը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ համաձայնության է եկել բալիստիկ հրթիռների փորձարկման համար մի շարք զինափորձարանների վերացման շուրջը: Սպիտակ տան ղեկավարն այս հայտարարությամբ հանդես է եկել հունիսի 12-ին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Թրամփն արձանագրել է, որ Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ ձեռք են բերվել նաեւ համաձայնություններ, որոնց մասին ասված չէ համատեղ հայտարարության մեջ: «Մենք կազատվենք բալիստիկ հրթիռների համար որոշ համալիրներից եւ մի շարք այլ բաներից»,- պարզաբանել է ԱՄՆ-ի նախագահը՝ հավելելով, որ այդ մասին ավելի մանրամասն կհայտարարվի ավելի ուշ:
Նա նաեւ նշել է, որ վստահում է ԿԺԴՀ-ի առաջնորդին եւ կարծում է, որ նրա հետ լավ հարաբերություններ է հաստատել: «Այո՛, ես նրան հավատում եմ»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նա սակայն չի բացառել, որ դա կարող է սխալ լինել: «Նա հավատում է ինձ, ես այդպես եմ կարծում»,- հավելել է Թրամփը: Սպիտակ տան ղեկավարը նաեւ հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ խոսել է նախքան Սինգապուրի գագաթնաժողովը: «Վերջին մի քանի ամսվա ընթացքում մենք (տարբեր) հարցեր ենք քննարկել»,- նշել է նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: