«Այնքան էլ ճիշտ մոտեցում չէ այս հարցում չվստահել մի իշխանության, որին ժողովուրդն է բերել». Արամ Սարգսյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի խոսքով՝  ինքը խմբակցությունում միակ մարդն է, ով կուտակային կենսաթոշակների համակարգը դրական է համարել ու դրա մեջ լավն է տեսել: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կուտակային կենսաթոշակների համակարգի պարտադիր բաղադրիչը պահպանելու կառավարության որոշման շուրջ քննադատություններին՝ Արամ Սարգսյանն ասաց, որ այնքան էլ ճիշտ մոտեցում չէ այս հարցում չվստահել մի իշխանության, որին ժողովուրդն է բերել:

«Եթե նախկին իշխանությունների օրոք անվստահություն կար կուտակային կենսաթոշակները կառավարող ֆոնդերի վերահսկողության հետ կապված, ապա այս հարցում ժողովրդի կամքով ձևավորված իշխանությանը չվստահելն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ»,-ասաց Ա. Սարգսյանը:

Արամ Սարգսյանը նաև կարծիք հայտնեց, որ կան գործընթացներ, որոնք սկսելուց հետո դրանցից ետ կանգնելը կարող է շատ ավելի կործանարար լինել:

Կառավարությունը բուռն քննարկումների արդյունքում հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով 2018 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը:

Տեսանյութեր

Լրահոս