ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում Ադրբեջանին նոր անհարմարություններ են սպասում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունենալու հունիսի 25-29-ը Ստրասբուրգում, Ադրբեջանին նոր անհարմարություններ են սպասում:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում Լուքսեմբուրգից պատգամավոր Իվա Կրուշենը ներկայացնելու է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցը, որում ընդգրկված է նաև Ադրբեջանը:
Զեկույցում հատկապես ուշադրություն է դարձվելու ԵԽ անդամ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ օրենսդրական սահմանափակումներ մտցնելու և թշնամական մթնոլորտ ստեղծելու հանգամանքին:
Զեկույցը կազմվել է ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովում:
«ԵԽԽՎ-ն կոչ է անում իր անդամ երկրներին հարգել միավորումների և հասարակական կազմակերպությունների ազատության իրավունքը և օրենսդրական փոփոխությունների պարագայում խորհրդակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,-նշված է զեկույցում: