«Ռուս-ամերիկյան հարաբերությունների սրումն ուղղակի ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա»
Հարցազրույց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ
– Պարոն Սարգսյան, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունների ճգնաժամը փոքրացնում է Հայաստանի արտաքին քաղաքականության մանևրի դաշտը, և մեզ համար դա անուղղակի սպառնալիք է։ Ձեր կարծիքով՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացումն ինչպե՞ս է ազդում Հայաստանի վրա, և ի՞նչ սպառնալիքներ կան։
– Եկեք խնդիրը հետևյալ տեսանկյունից դիտարկենք. ռուս-ամերիկյան հարաբերությունների սրումը չի կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ը լուրջ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, և դա լուրջ ազդեցություն է ունենում Ռուսաստանի տնտեսության վրա: Իսկ քանի որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և հիմնական առևտրային գործընկերը, իհարկե, դա իր ազդեցությունն ունենալու է նաև Հայաստանի վրա, և այդ ազդեցությունը լինելու է, իհարկե, ուղղակի, որովհետև բոլորս հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում հայկական տնտեսության հետ, երբ նավթի և գազի գինն է տատանվում կամ ռուսական ռուբլու փոխարժեքն է տատանվում Ռուսաստանում։
Այսինքն՝ այստեղ փոխկապակցվածությունը, իհարկե, մեծ է, և այս առումով ռուս-ամերիկյան հարաբերությունների լարումը չի կարող բացասաբար չանդրադառնալ Հայաստանի վրա, որովհետև, բացի ամեն ինչից, պետք է նկատի ունենալ նաև, որ Միացյալ Նահանգները մեզ համար բարեկամ պետություն է, և Ռուսաստանի Դաշնությունն էլ մեզ համար բարեկամ պետություն է։ Իհարկե, մեզ համար շատ ավելի նախընտրելի կլիներ, որ այս երկու գերտերությունների հարաբերությունները զարգացման այլ հունով գնային։
– Հայաստանի «և»-երի քաղաքականությունն ինչպե՞ս կարող է օգնել այդ մանևրելու հարցում։
– Ընդհանրապես, դիվանագիտությունը մանևրելու արվեստ է, որովհետև եթե կան խնդիրներ, կնճռոտ հարցեր, իսկ այդ կնճռոտ հարցերը միշտ եղել են մարդկության պատմության ընթացքում, միշտ գերտերություններն ու տարածաշրջանային տերություններն ունեցել են հակասություններ, և չափերով փոքր պետությունների համար միշտ նախընտրելի է եղել ակտիվ դիվանագիտություն կիրառել և այս հակասությունների ընթացքում մեծ վնասներ չկրել։ Իհարկե, դա բարդ է, բայց դա հենց դիվանագիտության արվեստն է, և Հայաստանն այդպիսի մոտեցում էլ պետք է որդեգրի իր արտաքին քաղաքականության մեջ։
– Հայաստանում իշխանափոխությունից հետո Ռուսաստանի հետ հարաբերություններում որևէ ռիսկ, բացասական միտում նկատո՞ւմ եք։
– Մի պահ ռուսական մամուլում բավականին ակտիվ գրում էին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին և գրում էին ոչ դրական լույսի ներքո։ Ես կարծում եմ՝ այստեղ մենք նույնպես պետք է ակտիվ աշխատանք տանենք, որպեսզի Ռուսաստանում ընկալումը լինի, որ Հայաստանը շարունակելու է մնալ ՌԴ-ի համար ռազմավարական դաշնակից պետություն, քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի լինելու, հակառակը՝ հարաբերությունները խորանալու են, ինչպես վարչապետ Փաշինյանը նշել է ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ։
Ես կարծում եմ, որ, եթե մենք լուրջ և հետևողական աշխատանք տանենք, ապա Ռուսաստանում այդ ընկալումը կփոխվի, և ռազմավարական նշանակության հարաբերությունները կշարունակեն լինել ՌԴ-ի և մեր համար առաջնահերթություն։ Այսինքն՝ այս առումով պետք է ռուս գործընկերների հետ ավելի ակտիվ և ավելի բաց շփվել, որպեսզի բոլոր տեսակի կասկածները փարատվեն, և լարվածությունն էլ, եթե նույնիսկ այդպիսինը կա, չեզոքացնել։
– ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններն ի՞նչ ուղիով են զարգանում։
– Իրականում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից բավականին լուրջ աշխատանք կա անելու, որովհետև շատ մեծ պոտենցիալ կա։ Ես գտնում եմ, որ հայ-ամերիկյան հարաբերություններում մենք կիրառում ենք մեր պոտենցիալի շատ չնչին տոկոսը, այնինչ պոտենցիալը պարզապես անսպառ է, ոչ միայն՝ որովհետև ԱՄՆ-ը աշխարհի թիվ մեկ գերտերությունն է, այլ նաև՝ որովհետև մենք լուրջ ազդեցություն ունեցող համայնք ունենք ԱՄՆ-ում և նրա միջոցով, ըստ էության, ցանկացած խնդիր կարող ենք լուծել։
Դրա համար, ես գտնում եմ, թե՛ ԱԳՆ-ն, թե՛ սփյուռքի, թե՛ պաշտպանության և թե՛ Անվտանգության խորհրդի կողմից այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է տանել և կոորդինացված աշխատանքներ պետք է տանել, որովհետև վստահ եմ, որ դրանք միայն դրական արդյունք են տալու։
– ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացումն ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա, և հնարավո՞ր է՝ այս կտրվածքով հայտնվենք հարվածի տակ։
– Իրականում ազդեցություն ունենալու են նույն պատճառով, որովհետև Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները հնարավոր է խստացվեն։ Բայց այստեղ մի կարևոր նրբերանգ կա, որ մենք պետք է հաշվի առնենք։ Ես կարծում եմ՝ Թրամփի վարչակազմն առավելապես հակված է նոր պայմանավորվածություն ձեռք բերել Իրանի հետ, քան խորացնել հակասություններն ու պատժամիջոցները։ Ես կարծում եմ՝ հենց այդ ճանապարհով է ցանկանում շարժվել ԱՄՆ նախագահը, մոտավորապես նույն սցենարով, ինչ եղավ Կորեայի հետ երկխոսություն սկսելու դեպքում, այսինքն՝ եղան սուր հայտարարություններ, սուր գործողություններ, բայց հետո, ինչպես տեսանք, կողմերը կարողացան գալ ընդհանուր հայտարարի, և այսօր սպասվում է պատմական Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը։
Կարծում եմ՝ Իրանի հարցում ԱՄՆ-ը նույնպես ցանկանում է այս ուղղությամբ առաջ շարժվել, և պետք է հույս ունենալ, որ դա կիրականանա, որովհետև դա միանշանակ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, քանի որ Իրանը բարեկամ պետություն է, մեր երկու պատուհաններց մեկը՝ դեպի արտաքին աշխարհ։