Բաժիններ՝

Մարտունի քաղաքի հնավայրում 3 նոր խաչքար է հայտնաբերվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի հնավայրերից մեկում՝ Գոմեր կոչվող հանդամասում, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ, Մարտունու քաղաքապետարանի եւ Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի մասնակցությամբ պատմության հուշարձանի տարածքում հողի շերտից մաքրվեց 12 տապանաքար եւ կանգնեցվեց 7 գեղաքանդակ խաչքար:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ խաչքար-տապանաքարերի մաքրման եւ կանգնեցման աշխատանքներին մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Մարտունու քաղաքապետարանի աշխատակիցներ: Մի քանի խաչքարեր մեծ չափերի պատճառով բարձրացվեցին եւ կանգնեցվեցին վերամբարձ կռունկի օգնությամբ:

«Մարտունի քաղաքից դեպի հարավ եւ Մարտունի-Գետափ ճանապարհի արեւելյան կողմում գտնվող բնակավայրը խոր հնադարից ակտիվ բնակեցված է եղել մինչեւ մեր թվարկության 18-րդ դարը, ինչի մասին վկայում են խաչքարերի կամ տապանաքարերի վրա պահպանված արձանագրությունները:

Բնակավայրը լքվել է մահմեդական ցեղերի ավերիչ ասպատակությունների հետևանքով: Տարածքում պահպանվում են մոտ հինգ տասնյակ խաչքարեր եւ տապանաքարեր, որոնք թվագրվում են մեր թվարկության 9-18-րդ դարերով, սակայն որոշ խաչքարեր էլ, որոնք չունեն արձանագրություններ, իրենց ոճով հիշեցնում են ավելի վաղ ժամանակները: Այդ հուշարձաններն ընդգրկված են պետական պահպանության ցուցակում: Մեր կատարած աշխատանքների մեջ կարեւորն այն եղավ, որ կանգնեցված 7 խաչքարից 3-ն ընդգրկված չէին պետական պահպանության ցուցակում: Դրանք արդեն կստանան պետական գրանցում եւ ուսումնասիրության նյութ կդառնան մասնագետների համար: Չի բացառվում, որ հնագիտական ուսումնասիրությունների դեպքում այստեղ հողի շերտի տակ գտնվող նոր ու կարեւոր հուշարձաններ հայտնաբերվեն»,-նշեց Գեղարքունիքի մարզի պատմական միջավայրի պահպանության ծառայության պետ Գոռ Գասպարյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս