
Թրամփի տնտեսական խորհրդականը սրտի նոպա է ունեցել

Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քադլոուն հիվանդանոց է տեղափոխվել սրտի նոպայից հետո: Հունիսի 12-ին Twitter-ում այս մասին գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սինգապուրի հյուրանոցում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովին սպասելիս։
«Լարի Քադլոուն, որն այդքան ջանասիրությամբ աշխատում էր առեւտրի եւ տնտեսության հարցերով, հենց նոր սրտի նոպա է ունեցել: Այժմ նա գտնվում է Ուոլթեր Ռիդի անվան (Ազգային) ռազմաբժշկական կենտրոնում»,- հայտնել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Ավելի ուշ Քադլոուի կինը՝ Ջուդիթը, Washington Post թերթին պատմել է, որ իր ամուսինն իրեն նորմալ է զգում եւ արդեն ապաքինվում է: «Նա լավ է: Այստեղ հիանալի բժիշկներ են»,- նշել է նա: Նույնը հավաստել է նաեւ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: