Նաիրա Զոհրաբյանը ՍԴ դատավորի թեկնածուին խնդրեց գնահատական հնչեցնել հանրային հնչեղություն ստացած գործերի վերաբերյալ
Ինչպես հայտնի է, այսօր Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել է Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանին։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ցանկացավ ՍԴ դատավորի թեկնածուի կարծիքն իմանալ հանրային մեծ հնչեղություն ստացած գործերի վերաբերյալ. «Դուք Վճռաբեկ դատարանի դատավոր եք։ 2009 թվականին Վճռաբեկ դատարանը եղել է ՀՀ դատական իշխանության այն ատյանը, որը դատական կարգով վերանայել է Մարտի 1-ի գործերը, Վահե Ավետյանի՝ «Հարսնաքար» անվանումը ստացած գործը, Հայկ Կյուրեղյանի նկատմամբ իրականացված խոշտանգումների գործը և նրա վերաբերյալ իրականացված մեղադրական դատավճռի բողոքը, Շանթ Հարությունյան և ընկերներ գործը, Գևորգ Սաֆարյանի՝ տոնածառի գործը, Վարդգես Գասպարիի նկատմամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում իրականացված խոշտանգումների վերաբերյալ գործը, Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» խափանման միջոցի գործը։ Ո՞րն է եղել դիրքորոշումը նշյալ գործերի վերաբերյալ, ունեցե՞լ եք արդյոք ձեր դատավոր ընկերներից տարբերվող կարծիք, հանդե՞ս եք եկել արդյոք հատուկ կարծիքով, թե՞ ոչ»։
Ի պատասխան՝ Ե. Դանիելյանն ասաց, որ ինքը չի կարող կարծիք հայտնել այն գործերի վերաբերյալ, որոնցով կան կոնկրետ դատական ակտեր, որովհետև ինքը գուցե շարունակի մնալ Վճռաբեկ դատարանի դատավոր, եթե չընտրվի։ Իսկ կոնկրետ գործերով կարծիք հայտնելը, ըստ նրա, դատավորի համար անթույլատրելի է։
Ն. Զոհրաբյանն էլ ասաց, որ ինքը չի կարող քվեարկել նրա օգտին, եթե չգիտի նրա դիրքորոշումն այդ գործերի վերաբերյալ։
Ի պատասխան՝ ՍԴ դատավորի թեկնածուն ասաց, որ դա Ն. Զոհրաբյանի իրավունքն է, բայց ինքը չի կարող խախտել օրենքը և դատավարական վարքագծի կանոնը։