ՀՀ ֆինանսների նախարարը և Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը քննարկել են Հայաստանում ծրագրերի ընդլայնումը
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակության հունիսի 11-ին կայացած հանդիպմանը կողմերն անդրադարձել են պետական և մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վերներ Լիպակը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու առթիվ և ընդգծել ՀՀ կառավարության ու ԱԶԲ-ի միջև շարունակական, արդյունավետ համագործակցության կարևորությունը:
ՀՀ ֆինանսների նախարարը նույնպես կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և նշել, որ այն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պետական և մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես, քննարկվել են պարտքի կառավարման, հանրային ֆինանսների կառավարման, ֆինանսական սեկտորի զարգացման, ինչպես նաև ենթակառուցվածքների, կրթության ոլորտներին ուղղված ֆինանսավորման և ներդրումային հնարավոր ծրագրերը, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը և կապահովեն տնտեսական վերադարձելիություն: