Արա Բաբլոյանն ընդունել է ՀԲԸՄ ղեկավարներին

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 11-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանին:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը ազգապահպանման, պետականաշինության ու Հայաստանի կարողությունների հզորացմանն աջակցելու հարցում:

Արա Բաբլոյանը նշել է, որ երկարամյա գործունեության ընթացքում կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, կարեւոր ներդրում է ունեցել հայանպաստ ծրագրերում, մեր երկրի տարբեր ոլորտներում:

Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով Հայաստանի ներքաղական զարգացումներին, նշել է. «Պետք է ամեն ինչ արվի երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման, ժողովրդի բարեկեցության համար, որպեսզի հայն ապրի ու արարի սեփական հայրենիքում»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պերճ Սեդրակյանը նշել, որ ՀԲԸՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին:

ՀԲԸՄ նախագահը կարեւորել է սփյուռքահայության ներդրումը մեր երկրի տնտեսության զարգացման հարցում:

Հանդիպմանն անդրադարձել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, հայապահպանությանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Տեսանյութեր

Լրահոս