Թրամփը մամուլի ասուլիս կտա Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների արդյունքների շուրջ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիս կտա տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Երւանի ժամանակով ժամը 16:00-ին), ինչից հետո կուղեւորվի Վաշինգտոն: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ հունիսի 11-ին տարածված հայտարարության մեջ:
«Վաղը ժամը մոտավորապես 20:00-ին նախագահ Թրամփը կմասնակցի մամուլի ասուլիսին՝ ԱՄՆ մեկնումից առաջ»,- նշվում է փաստաթղթում: Սպիտակ տանը նաեւ նշել են, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ կոնսուլտացիաները շարունակվում են եւ ընթանում են ավելի արագ, քան սպասվում էր: Նշվում է, որ երկու երկրների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպմանը ամերիկյան պատվիրակության կազմում կլինեն պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին եւ Թրամփի՝ ազգային ավտանգության հարցերով օգնական Ջոն Բոլտոնը:
ԱՄՆ-ի վարչակազմը հաստատել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առանորդ Կիմ Չեն Ընը առանձին հանդիպում կանցկացնեն նախքան հունիսի 12-ին գագաթնաժողովի սկսվելը: «Ակնկալում ենք, որ ամենից առաջ կլինի դեմառդեմ հանդիպում»,- հունիսի 11-ին Սինգապուրում լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ռոբերտ Փալիդինոն:
Նախատեսվումս է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկեն, մասնավորապես, երկու երկրների համար հրատապ հարցերը, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ նոր հարաբերությունների ձեւավորմանը, ինչպես նաեւ Կորեական թերակղզում կայուն ու մշտական խաղաղության հաստատմանը եւ Կորեական թերակղզու միջուկազերծման գործընթացի իրականացմանը:
Հարավկորեական «Չունան Իլբո» թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, հայտնել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հուլիսին հրավիրել է Փհենյան՝ գագաթնաժողովի երկրորդ փուլին: Իր հերթին Կիոդո գործակալությունը հայտնել է որ եթե բանակցային գործընացն անցնի բարեհաջող, հնարավոր է գագաթնաժողովի երրորդ փուլը, որը կարող Է տեղի ունենալ սեպտեմբերին Վաշինգտոնում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր առաջիկա հանդիպումը «լավ կանցնի»: «Վաղը մենք կունենանք շատ հետաքրքիր հանդիպում, եւ ես վստահ եմ, որ այն շատ լավ կանցնի»,- նշել է Թրամփը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն բովանդակալից է որակել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ գագաթնաժողովի նախօրյակին ԿԺԴՀ-ի պատվիրակության հետ հունիսի 11-ին Սինգապուրում կայացած բանակցությունները:
Նա ասել Է, թե ԱՄՆ-ի վարչակազմը ցանկանում է պարզել՝ անկեղծ են արդյոք Կորեական թերակղզու միջուկազերծում իրականացնելու ԿԺԴՀ-ի մտադրությունները: «Հյուսիսային Կորեան հաստատել է Կորեական թերակղզու միջուկազերծում իրականացնելու քաղաքականությունը: Մենք ցանկանում ենք իմանալ՝ անկեղծ են արդյոք այդ մտադրությունները»,-նշել է նա: «Գլխավոր նպատակը, որին մենք ձգտում ենք հասնել Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական բանակցությունների շրջանակներում, չի փոխվել, այն է՝ Կորեական թերակղզու լիակատար ու անշրջելի միջուկազերծումը:
Դա միակ ելքն է, որն ընդունելի է մեզ համար»,-հավաստիացրել է Փոմպեոն:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ԿԺԴՀ-ին անվտանգության երաշխիքներ տալ այն դեպքում, եթե նա հրաժարվի միջուկային զենքից:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սինգապուրում կայանալիք հանդիպումը կդառնա միայն Կորեական թերակղզու միջուկազերծման «տեւական գործընթացի» սկիզբը, որը կարող է տարիներ տեւել:
«Հարցը, որը կապված է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ խորը արմատներ գցած թշնամական հարաբերությունների հետ, ինչպես նաեւ հյուսիսկորեական միջուկային խնդիրը, չեն կարող լուծվել ղեկավարների մեկ հանդիպմամբ,-նշել է Հարավային Կորեայի նախագահը:-Նույնիսկ այն բանից հետո, երբ երկու ղեկավարները կսկսեն երկխոսությունը, մեզ կպահանջվի տեւական գործընթաց, որը կարող է տեւել մեկ տարի, երկու տարի կամ էլ ավելի շատ ժամանակ, որպեսզի խնդիրը լուծվի ամբողջությամբ»:
Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել են, որ գագաթնաժողովի սկիզբը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 09:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:00-ին) Սինգապուրի Capella հյուրանոցում, որը գտնվում է Սենտոսա կղզում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: