Մեղադրողը միջնորդել է մեղմացնել Սէֆիլյանի պատիժը. դատարանը վճիռը կհրապարակի հունիսի 13-ին

Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրող Պետրոս Պետրոսյանը միջնորդեց Ժիրայր Սէֆիլյանի պատիժը մեղմացնել՝ նրան դատապարտելով 7 տարվա ազատազրկման: Այսօր դատական նիստի ընթացքում մեղադրյալների պաշտպանները պահանջեցին բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռները:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը, ներկայացնելով որոշ մեղմացուցիչ հանգամանքներ, նույն գործով անցնող Գալուստ Գրիգորյանի համար միջնորդեց 3 տարվա ազատազրկում, իսկ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի հունիսի 13-ին:

Ժիրայր Սեֆիլյանը մարտի 20-ին դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման և զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Գևորգ Սաֆարյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը և վերջնական պատիժ սահմանվել 5 տարի 6 ամիս ազատազրկումը: Գալուստ Գրիգորյանը դատապարտվել էր 3.5 տարվա ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս