Բաժիններ՝

«Ավրորա»-ի դափնեկիրը ստացած գումարը կհատկացնի ռոհինջաների կրթության և առողջապահության խնդիրների լուծմանը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա հաղթող Չո Լա Աունն իրեն շնորհած 100 000 դոլարը կհատկացնի Մյանմայի ռոհինջաների կրթական և առողջապահական խնդիրների լուծմանը: Այս մասին ասաց հունիսի 11-ին հայաստանցի երիտասարդների հետ հանդիպմանը:

«Գումարն օգտագործելու եմ կրթության և առողջապահության համար: Ինձ համար գերակա հարց է երեխաների տառաճանաչությունը, կրթությունը: Առանց կրթության մեր ժողովուրդը կմեռնի: Առանց առողջապահության կարող ես մեռնել  500 000 տարի հետ, իսկ առանց կրթության կանհետանաս 50 տարի անց: Կառավարությունը կարող է հանգիստ մեղադրել մեզ, որ մենք Բանգլադեշից ապօրինի միգրանտներ ենք: Իսկ եթե մարդիկ կրթված լինեն, կհասկանան, որ իրենք այդ պետության քաղաքացիներն են և կարող են պայքարել իրենց իրավունքների համար»,-ասաց նախաձեռնության այս տարվա դափնեկիրը:

Արդեն լինելով «Ավրորա»-ի դափնեկիր փորձելու է ծնողներին խրախուսել իրենց երեխաներին ուղարկել դպրոց:  Ժողովուրդը գնալով աղքատանում է, տառաճանաչ չէ: Փաստում է՝ իր ժողովրդին օգնում է միայն օրենքի շրջանակներում, օրենքից դուրս ոչինչ չի կարող անել:

Նրա խոսքով՝ Մյանմայում կան ռոհինջիներ, որոնք չափազանց աղքատ են, մարդիկ նույնիսկ բրինձ չունեն: Եվ հաճախ իրենց Յանգոնի ընկերներին խնդրում են, որ գումար ուղարկեն, որով  գնում ենք բրինձ ու բաժանում ժողովրդին: Կան խմբեր, որոնք այսօր շրջապատված են բուդդիստներով և ստիպված են նույնիսկ ողորմություն խնդրել այլ երկրներից: Շատերը ստիպված են լինում լքել իրենց տները՝ կրոնական, տնտեսական և այլ պատճառներով:

«Մենք բաց ռեժիմի բանտում ենք հայտնված այդ երկրում: Ինձ համար շատ դժվար էր գալ Հայաստան: Խնդրեցի, որ «Ավրորա» նախաձեռնությունից ինձ հրավեր ուղարկեն, այդ նամակը կցեցի, ներկայացրի նրանց, 20 օր հետո ստացա թույլտվությունը»,-ասաց նա ու հավելեց՝ չգիտի՝ այնտեղ վերադարձից հետո խնդիրներ կունենա, թե ոչ:

Չո Լա Աունն երաշխիք է տվել, որ 45 օրվա ընթացքում կվերադառնա, ինքը և որդին Հայաստան գալու համար փաստաթղթեր են ստորագրել:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս