
Սինգապուրը հասկանալ է տվել, որ երկիրը վճարել է հյուրանոցում Կիմ Չեն Ընի մնալու վարձը

Սինգապուրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վիվիան Բալաքրիշնանը հունիսի 11-ին Մեծ Բրիիտանիայի BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային տված հարցազրույցում հասկանալ է տվել, որ իր երկիրը վճարել է St. Regis հյուրանոցում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ նրա պատվիրակության մնալու վարձը։
Լրագրողի ուղղակի հարցին, թե «Սինգապուրի կառավարությունը վճարել է արդյոք հյուրանոցում մնալու վարձը», Բալաքրիշնանը փոքր-ինչ խուսափողաբար է պատասխանել: «Դա հյուրասիրություն է, որը մենք ցույց կտայինք ամեն դեպքում, եւ (գագաթնաժողովի անցկացման ծախսերն) ամեն դեպքում վարչապետի հնչեցրած բյուջեի շրջանակներում են»,- հայտարարել է Սինգապուրի արտգործնախարարության ղեկավարը:
Ավելի վաղ վարչապետ Լի Սյան Լունը նշել է, որ Սինգապուրի իշխանություններն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ գագաթնաժողովի կազմակերպման համար տրամադրել են շուրջ 20 միլիոն սինգապուրյան դոլար (շուրջ 14, 9 միլիոն դոլար):
Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրի Capella հյուրանոցում, որը գտնվում է Սենտոսա կղզում: Երկու ղեկավարներն էլ արդեն ժամանել են Սինգապուր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: