Թուրքիան շարունակում է իր դիվանագիտական խաղը՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի անդամի իր կարգավիճակը
Սիրիայի Մանբիջի շրջանի շուրջ Թուրքիայի, Միացյալ Նահանգների և քրդերի միջև ստեղծված հակասությունների կծիկը կարծես թե սկսում է հանգուցալուծվել հօգուտ Թուրքիայի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավանական համարելով, որ Մանբիջն ի վերջո կհանձնվի թուրքերի վերահսկողությանը:
«Թուրքիան Մերձավոր Արևելքում գնալով ակտիվանում է, և դրա վկայությունը Իրաքի հյուսիսում տեղակայված Քրդստանի բանվորական կուսակցության ռազմական բազաների վրա հարձակումն է օդային ճանապարհով: Խոսակցություններ կան, որ Թուրքիան պատրաստվում է բազաների վրա հարձակողական գործողություններ իրականացնել նաև ցամաքային ուժերի ներգրավմամբ»,- նշեց նա:
Սիրիայի իրադրությանն անդրադառնալով՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրենն ընգծեց, որ այդ երկրի բանակը, ապստամբները, Իսրայելը, Սիրիայում իրադրության գնահատականների առումով որոշակի հավասարակշռության են հասել: «Սա հանգեցրել է նրան, որ Սիրիայում իրադրությունը դանդաղ, բայց հստակ քայլերով գնում է մի նոր իրավիճակի ստեղծում, որտեղ կլինի Սիրիան` ի դեմս Ասադի, կլինեն ապստամբ ուժերը, որոնք նրա դեմ պայքարում են, քրդեը և այստեղ ներգրավված օտար պետությունները»,-հավելեց նա:
Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան շարունակում է իր դիվանագիտական խաղը՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի անդամի իր կարգավիճակը: