Բաժիններ՝

«Ես երգեցի, նրանք հավանեցին ու ասացին, որ և՛ կերգեմ, և՛ կնվագեմ». Անի Պիվազյան

Oպերային երգչուհի Անի Պիվազյանը բազմիցս հանդես է եկել միջազգային փառատոններում, մրցույթներում՝ արժանանալով մասնագետների բարձր գնահատականին: Մասնակցել է Շվեյցարիայում կայացած «Opernwerkstatt der Jungen Stimmen» փառատոնին: Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացված «Գրանդի Վոչի» մրցույթում շահել է Մոցարտի անվան մրցանակը:

Երգչուհին չի կարողանում մշտական աշխատանք գտնել հայրենիքում՝ նշելով, որ ինչպես տարբեր բնագավառներում, այնպես էլ օպերային արվեստում խնդիրներ կան: Նա դրանց մասին բարձրաձայնեց հունիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը մշակութային գործիչների հետ: Վարչապետն էլ նրան խնդրեց երգել: Արդյունքում երգչուհին արժանացավ դահլիճի բուռն ծափահարություններին: Մոցարտի երկերից մեկի կատարումից հետո Անի Պիվազյանին ճանաչեցին շատերը:

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է երգչուհու հետ:

-Ինչո՞ւ երաժշտարվեստի ճյուղերից նախապատվությունը տվեցիք օպերային:

-Փոքր հասակից մայրս շատ հաճախ էր ինձ տանում օպերային ներկայացումներ դիտելու: Սկզբում երազում էի բալետի պարուհի դառնալ, հետո որոշումս փոխվեց. ինձ շատ էին գրավում օպերային երգչուհիների շքեղ զգեստները:

-Իսկ ո՞ր ներկայացումներն էիք դիտում:

-Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոս»-ը, Արմեն Տիգրանյանի «Անուշ»-ը, Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա»-ն: Մեր տունը Չայկովսկու անվան դպրոցի հարևանությամբ էր գտնվում, և, երբ լսում էի դպրոցից հնչող երաժշտությունը, ասում էի. «Ի՞նչ կլինի, ինձ էլ տարեք այնտեղ»: Այդ դպրոցում զրո դասարան կար, և ես հինգ տարեկանում ընդունվեցի դպրոցի ջութակի բաժինը:

-Ի՞նչ հանգամանքներում բացահայտվեցին օպերային երգչուհու ձեր ունակությունները:

-Դպրոցում նաև երգում էի: Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային հիմնադրամում սկզբում որպես ջութակահար ներգրավվեցի: Հետո ԱՄՆ-ից մասնագետներ եկան, ովքեր տաղանդավոր երեխաների էին փնտրում Նյու Յորքում և Նյու Ջերսիում համերգների տանելու համար: Ես երգեցի, նրանք հավանեցին ու ասացին, որ և՛ կերգեմ, և՛ կնվագեմ: Այսպես սկսվեց նաև երգչուհու ուղիս: Հետագայում սովորել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում երկու մասնագիտությամբ: Ե՛վ ջութակի, և՛ վոկալի բաժինների մագիստրատուրան ավարտել եմ կարմիր դիպլոմով:

-Դուք նշեցիք, որ ձեզ գրավել է օպերային երգիչների հանդերձանքը, իսկ կա՞ն կատարողներ, որոնք իրենց ձայնային տվյալներով են ձեզ տպավորում:

-Ինձ համար օպերային երգարվեստում իդեալներ են Աննա Մոֆոն և Ջոան Սազերլենդը: Աննան, նախևառաջ, ինձ հմայել է իր գեղեցկությամբ, հետո ձայնի հզորությամբ ու կատարողական տեխնիկական կարողություններով: Հազվադեպ է պատահում, որ երգչուհին ունենում է և՛ հզոր, և՛ տեխնիկապես առողջ ձայնային հնարավորություններ:

-Ի՞նչ արիաներ եք կատարել մինչ օրս:

-Կոլորատուրային սոպրանո եմ և հիմնականում հենց այդ սոպրանոյի համար նախատեսված դերերգեր ու արիաներ եմ երգում: Դրանցից ամենահայտնիներն են «Լակմե»-ի արիան, Շտրաուսի «Ariadne auf Naxos» օպերայում Ցերբինետայի, Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայում Գիշերային թագուհու դերերգերը: Միջազգային բեմերում կատարել եմ Մոցարտի «Այդպես են վարվում բոլորը» օպերայում Դեսպինայի, Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում Ցերլինայի, Պուչինիի «Բոհեմ» օպերայում Մուզետայի դերերգերը և այլն:

-Կա՞ն գործեր, որոնք դեռ չեք երգել, բայց շատ եք ցանկանում, գուցե անգամ երազում եք կերպավորել:

-Իմ առաջնային երազանքն է «Անուշ»-ի դերերգը կատարելը: Ըստ իս՝ իմ կարիերայի սկզբը սխալ է դրվել, քանի որ հիմնականում հանդես եմ եկել արտերկրում: Կարծում եմ, յուրաքանչյուր հայ արտիստ հենց հայ բեմում պետք է սկսի իր ուղին, և շատ ափսոս, որ իմ առաջին կարևոր բեմելը Եվրոպայում է եղել:

-Որքանով տեղյակ եմ, դուք պայմանագրային երգչուհի եք եղել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այդ ընթացքում քանի՞ անգամ եք երգել այդ բեմում:

-Ոչ մի անգամ:

-Քանի՞ տարի եք պայմանագրային երգչուհի եղել:

-2012 թվականին ընդունվել եմ օպերային թատրոն որպես ստաժոր: Այդ կարգավիճակում եղել եմ երեք տարի, ինչից հետո դարձել եմ պայմանագրային մեներգչուհի: ՀՀ օրենսդրության համաձայն՝ որևէ հաստատություն իրավունք չունի 3 ամսից ավելի որևէ մեկին ստաժորի կարգավիճակում թողնել: Իսկ իմ պարագայում, ընդհանուր առմամբ, ստացվում է 7 տարի:

-Իսկ ինչո՞ւ այդ տարիներին ոչ մի ագամ հանդես չեք եկել օպերային թատրոնում:

-Ընդունվեցի օպերային թատրոն. այն ժամանակվա թատրոնի ղեկավարները շատ հավանեցին իմ ձայնային տվյալները, անգամ հիացած էին: Այդ ընթացքում թատրոնը վերանորոգվում էր, և ինձ խոստացան, որ նորոգումից հետո կունենամ «Տրավիատա» օպերային ներկայացման մեջ Վիոլետայի դերերգով հանդես գալու հնարավորություն: Երկար ամիսներ չէի կարողանում դերերգը հանձնել, քանի որ այն մարդիկ, ովքեր պետք է ինձ լսեին, կամ զբաղված էին, կամ տեղում չէին լինում: Անցկացվում էին մրցույթներ, որոնց մասնակցում էի: ժյուրիի անդամները գրում էին, որ մրցույթից հետո «Անուշ» օպերայում Անին պետք է կատարի Անուշի ընկերուհու դերերգերը: Բայց դա էլ մնաց թղթի վրա:

Եղել են շատ տարբեր պատճառաբանություններ: Մի անգամ ասացին, որ ես կարող եմ շատ լավ երգել, բայց բեմադրիչը երկրում չէ, չի կարող պարապել, չկա այլ մարդ, ով կարող է ինձ հետ աշխատել: Այդպես շարունակ…

-Իսկ այդ տարիներին ձեր ձայնային հնարավորությունները չկորցնելու համար այլ բեմերում հանդես եկե՞լ եք:

-Բազմաթիվ մրցույթների, փառատոնների եմ մասնակցել, տարբեր մասնագետների մոտ լսումների եմ եղել: Ընդգծեմ, որ չեմ դադարել ջութակ նվագել: Ամուսնուս՝ կիթառահար Տիգրան Այվազյանի հետ «Los Reyes» անունով խումբ ունենք: Իսպանական երաժշտություն ենք նվագում և այդ խմբով ենք գումար վաստակում: Հանդես ենք գալիս ակումբներում, համերգասրահներում:

-Մենք հաճախ ընկնում ենք ռոմանտիզմի գիրկը և ընտրում ենք մասնագիտություններ՝ հաշվի չառնելով, թե մեր երկրում դրանք որքանով են պահանջված: Երբ որոշեցիք օպերային արվեստով զբաղվել, հստակ պատկերացնո՞ւմ էիք ձեր ապագան Հայաստանում:

-Նորից վերադառնամ անցյալ: Քանի որ հաճախ էի լինում օպերային թատրոնում, կարծում էի, որ դա ոչ միայն պահանջված, այլև շատ վեհ արվեստ է, որտեղ չեն կարող գժտություններ լինել: Ինչ վերաբերում է աշխատանքին, պետք է հստակ գիտակցել, որ անկախ մասնագիտությունից՝ հաջողության հասնելու համար տաղանդը քիչ է, անհրաժեշտ է անդադար աշխատել:

-Ձեր մեջ կուտակված բողոքը մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մշակութային գործիչների հանդիպմանն արտահայտեցիք՝ նշելով, որ օպերային դաշտում ևս մենաշնորհներ կան, և անհրաժեշտ է նաև այդ ասպարեզում վերահսկողություն հաստատել: Ձեզ լսելով՝ վարչապետը ձեզ առաջարկեց երգել, և դուք համաձայնեցիք: Ձեր կատարումից հետո նա ասաց. «Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ մենաշնորհ կար, դուք վերացրիք այն ձեր կատարմամբ»: Դրանից հետո սայլը տեղից շարժվե՞ց:

– Թատրոնի ներսում՝ դեռ ոչ: Օպերային թատրոնի կառավարման գծով փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանի հանձնարարությամբ ինձ թույլ չեն տալիս մտնել օպերա և պարապել իմ դաշնակահարի հետ:

– Վարչապետի հետ հանդիպումից հետո ձեր բարձրաձայնած խնդրի շուրջ քննարկումներ են սկսվել: Որևէ հեռանկար տեսնո՞ւմ եք:

-Դեռևս շուտ է հեռանկարների մասին խոսել: Խոստովանեմ, որ հեղափոխական ոգին ինձ դրդեց այդ քայլին: Հետևեցի Նիկոլ Փաշինյանի խոսքերին: Նա ասաց, որ եթե խնդիր ունենք, կարող ենք լրատվամիջոցների օգնությամբ բարձրաձայնել:

Ես աշխատում եմ խոսել այն մասին, ինչը հստակ պատկերացնում եմ և գիտեմ: Հաճախ են զանգահարում ու ասում, որ հարցազրույցներում պետք է նաև անդրադառնայի ինչ-որ խնդիրների, ասում են՝ այս երգիչը նույնպես լավ է երգում, նրա մասին էլ էր պետք խոսել: Կարծում եմ՝ բոլորն էլ կարող են խոսել: Ի՞նչ է նշանակում, որ Անին հարց է հնչեցրել, ուրեմն պետք է բոլորի անունից խոսի: Ես այդ իրավունքը չունեմ:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս