«Ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանն առաջիկայում նախագահի թեկնածուներից մեկը կարող է լինել». Ալեքսանդր Իսկանդարյան

«Այն, ինչ Հայաստանում տեղի է ունենում, ուղղակիորեն ազդում է նաև Ղարաբաղի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ըստ նրա՝ սխալ է մտածել, թե Հայաստանում նման լուրջ քաղաքական փոփոխություններ կարող են լինել, ու դրանք ինչ-որ կերպ չեն անդրադառնա Ղարաբաղի վրա. «Կարելի էր ակնկալել, որ նման ինչ-որ բան տեղի կունենա, որ մթնոլորտը կփոխվի, որովհետև մթնոլորտ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում է փոխվել, այլև՝ ամբողջ հայկական աշխարհում»։

Ա. Իսկանդարյանը նկատեց, որ Ղարաբաղում էլ են առկա բոլոր այն խնդիրները, որոնք Հայաստանում էին. «Ես չունեմ սոցիոլոգիական տվյալներ, որ չափեմ Ղարաբաղի իշխանությունների լեգիտիմությունը, բայց ես հաճախ եմ լինում Ղարաբաղում, շփվում եմ մարդկանց հետ, կարծում եմ՝ իշխանությունների լեգիտիմությունն այնտեղ մի քանի անգամ բարձր է, քան՝ այստեղ էր, բայց ամեն դեպքում՝ դժգոհություններ կան։ Եթե իշխանությունը շարունակում է 10 տարուց ավելի մնալ, անհնար է՝ դժգոհություններ չլինեն։ Ղարաբաղյան էլիտաները շատ գրագետ արձագանքեցին այդ ընդվզմանը,  զիջումների գնացին, աշխատանքից ազատվեցին որոշ պաշտոնյաներ»։

Քաղաքագետը գտնում է՝ այն, որ պետնախարար Արայիկ Հարությունյանը ևս հրաժարական տվեց, ցույց է տալիս, որ Բակո Սահակյանը հասկանում է, որ անհրաժեշտ է որոշակի զիջումների գնալ, որպեսզի Ղարաբաղում հանգստություն պահպանվի. «Դա իրավիճակի վերահսկելիությունը, ստաբիլությունը պահպանելու փորձ էր»։

Ըստ Ա. Իսկանդարյանի՝ մինչև հերթական ընտրությունները դեռ երկու տարի կա, և Բ. Սահակյանի խնդիրն է լինելու՝ այս ընթացքում պահել ստաբիլությունն Արցախում։ Նրա խոսքով՝ Ղարաբաղյան իշխանությունների մոտ կարծես նաև կա այն ընկալումը, որ մարդիկ պետք է փոխվեն. «Ես կարծում եմ՝ դա այն պատճառներից մեկն էր, ինչի համար Արայիկ Հարությունյանը գնաց, որովհետև ակնհայտ է, որ նա առաջիկայում նախագահի թեկնածուներից մեկը կարող է լինել, իսկ այս երկու տարիների ընթացքում հնարավոր կլինի մաքրվել իշխանության մեջ լինելու ընկալումից»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս