«Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին». Նիկոլ Փաշինյանն ընդունել է դեսպան Սաջադիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Վարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների բնականոն զարգացումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի: «Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին՝ փոխադարձ շահերի հիման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այդ համատեքստում, դեսպան Սաջադին ընդգծել է երկկողմ փոխգործակցության ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացման անհրաժեշտությունը և նշել, որ կան բոլոր նախադրյալները տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման համար: Դեսպանի խոսքով՝ դրան կարող են էապես նպաստել նաև Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեությունը, Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի առկայությունը:
Զրուցակիցները քննարկել են Մեղրի և Արաս ազատ տնտեսական գոտիների համագործակցության ընդլայնմանը, էներգետիկայի, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և պարոն Սաջադին ընդգծել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը և այդ առումով կարևորել ենթակառուցվածքների բարելավումն ու երկկողմ կանոնավոր չվերթերի իրականացումը:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև հայ-իրանական համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին: