
Բաքվի օդանավակայանում առգրավել են գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդի հեղինակած գիրքը

Բաքվի օդանավակայանում հունիսի 7-ին մաքսային ծառայությունն առգրավել է, Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր՝ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ հասանլիի հեղինակած գրքի ողջ խմբաքանակը:Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հասանլիի «Ստալինն ու թուրքական ճգնաժամը սառը պատերազմի տարիներին» գիրքը անգլերեն լեզվով լույս է տեսել Հարվարդի համալսարանում և դրանում ներկայացվում է 1945-1953 թվականներին տեղի ունեցած քաղաքական գործընթացները:
Գիրքը, որն առաջին անգամ լույս է տեսել 2011թ., արդեն հասցրել է տպագրվել մի քանի լեզվով: Բաքվի օդանավակայանի մաքսային ծառայությունը ԱՄՆ-ից ուղարկված գրքերի առգրավման վերաբերյալ դեռևս պարզաբանում չի ներկայացրել:
Գրքի հեղինակին հայտնել են, որ գրքերը նախ պետք է ուսումնասիրվեն:
«Երբ հասա օդանավակայան և պնդեցի, որ բացատրեն առգրավման պատճառը, ինձ հայտնեցին, որ գրքերը պետք է ուսումնասիրվեն, ինչից հետո կհասնեն հասցեատիրոջը, կամ ոչ»,- «Թուրանին» հայտնել է Հասանլին:
Հասանլին նշել է նաև, որ կասկածում է, թե մաքսային ծառայությունում կգտնվի փորձագետ, որը կկարողանա անգլերենով կարդալ այդ 500 էջանոց գիրքը և եզրակացություն կատարել:
«Նրանք (հեղ. իշխանությունները) կասկածում են արևմուտքից ուղարկված գրքերին, և վախենում են գրականությունից, գիտությունից, իրական պատմությունից»,- հավելել է Հասանլին: