«Հիմա ես անընդհատ ասում եմ՝ Փաշինյան, Փաշինյան, Փաշինյան, որովհետև ես այլ ելք չունեմ». Ալեքսանդր Իսկանդարյան

«Շատ հավանական է, որ առաջիկայում նոր քաղաքական ուժեր առաջանան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ կուսակցական համակարգն ամբողջությամբ ոչնչացված է. «Փաշինյանն իշխանության փոխանցման ժամանակ оգտագործեց ընդվզման անձնավորման մեխանիզմը։ Նա անձնավորել էր չարին, իրենք ասում էին, որ Սերժ Սարգսյանը չարիք է ոչ միայն՝ Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում, ու նաև անձնավորված էր բարին։ Այսինքն՝ մեթոդոլոգիապես անգամ սխալ կլիներ Փաշինյանին անվանել ընդդիմության լիդեր, նա չէր գլխավորում ընդդիմությունը, նա այն անձնավորել էր իր մեջ, ընդդիմությունն ինքն էր։ Արդյունքում՝ ոչ միայն ՀՀԿ-ն ոչնչացվեց, ավելին, ՀՀԿ-ն հենց ամենաքիչն է ոչնչացված, բայց ընդդիմադիր սեկտոր հիմա չկա»։

Քաղաքագետի խոսքով՝ հիմա բոլոր տեղերը դատարկ են. «Դատարկ է ձախակողմյան հռետորաբանության տեղը, ռացիոնալ քաղաքականության տեղը, ռադիկալ ընդդիմության տեղը, և այլն»։

Ա. Իսկանդարյանն ասաց, որ ինքն ընդհանրապես չի սիրում անուններով խոսել, որովհետև գտնում է՝ հարցն անձերի մեջ չէ, այլ կառուցվածքների, ինստիտուտների, և այլն. «Իսկ հիմա ես անընդհատ ասում եմ՝ Փաշինյան, Փաշինյան, Փաշինյան, որովհետև ես այլ ելք չունեմ։ Քաղաքական ուժ, որի անունը կարող եմ տալ Փաշինյանի փոխարեն, գոյություն չունի։ Փաշինյանը հիմա ոչ միայն անձ է, այլև՝ ինստիտուտ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս