
Մալայզիայի վարչապետը պաշտոնյաներին թույլ է տվել՝ նվեր ընդունել միայն ծաղիկներ և ուտելիք

Մալայզիայի նոր վարչապետ Մահաթհիր Մոհամադը կառավարական պաշտոնյաներին թույլ է տվել որպես նվեր ընդունել միայն ուտելիք, ծաղիկներ ու մրգեր: Այդ մասին հայտնել է New Straits Times թերթի ինտերնետ-տարբերակը:
Ինչպես հայտնել Է հրատարակությունը, Մալայզիայի վարչապետը հունիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է նոր քաղաքականության մասին, որը պաշտոնյաների համար սահմանափակում է ընծաների ցուցակը, ինչն անհապաղ ուժի մեջ է մտնում: Նոր միջոցը ձեռնարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
«Եթե այստեղ կա մեկը, որն ինձ համար նվեր է պատրաստել, ես այն չեմ ընդունի: Բայց դուք կարող եք ինձ ծաղիկներ, ուտելիք կամ մրգեր նվիրել, ոչինչ ավելի: Մենք կհրաժարվենք մնացած ամեն ինչից…
Նույնը վերաբերում է կառավարական բոլոր պաշտոնյաներին: Նրանք չեն կարող ընդունել ամեն տեսակ նվերներ»,-հայտարարել է վարչապետը: Նա նշել Է, որ նրանք, ովքեր ընծաներ են նվիրում, «նույնքան մեղավոր են, որքան եւ նրանք, ովքեր այն ստանում են», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: