Երևանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացումը մտավ գործնական փուլ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Եվրոպական ներդրումային բանկի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների հետ միասին այցելել է քաղաքապետարանի ենթակայության համար 110 մանկապարտեզ, որն ընդգրկված է Երևանի էներգաարդյունավետության ծրագրում ներառված նախակրթարանների շարքում: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի համատեղ ծրագրով նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, հատկապես մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման, ինչպես նաև սեյսմիկ ամրացման և հիմնանորոգման աշխատանքներ:
Առանձնակի կարևորելով Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել միջազգային կառույցների հետ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ նկատելով, որ դրանք միտված են մայրաքաղաքի ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը:
«Ինչպես գիտեք, Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներով նախատեսվել է հիմնանորոգել և ջերմամեկուսացնել հանրային շենքերը: Առաջին փուլով կհիմնանորոգվի համայնքային ենթակայության մանկապարտեզների մի մասը, ինչն առաջնահերթ է մեզ համար՝ հատկապես հաշվի առնելով, որ մատաղ սերնդի կրթման և դաստիարակման հարցում ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն նաև այն պայմանները, որոնցում ապահովվում է դա:
Մասնավորապես այս ծրագրի հետ կապված ուզում եմ հատուկ ընդգծել, որ այն Հայաստանում յուրահատուկ է, քանի որ ներառում է էներգաարդյունավետության և սեյսմակայունության բաղադրիչ: Նաև նշեմ, որ Երևանի քաղաքապետարանն էլ, կարևորելով Եվրոպական ներդրումային բանկի, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամի և Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսական աջակցությունը, հանդես է գալու այս ծրագրի համաֆինանսավորմամբ: Վստա՛հ եմ, որ ընթացիկ բոլոր ծրագրերն իրենց կարևոր ազդեցությունը կունենան մայրաքաղաքի համաչափ զարգացման և մեր համաքաղաքացիների համար հարմարավետ միջավայրի ձևավորման գործում: Նաև լիահույս եմ, որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակական», – նշել է Տարոն Մարգարյանը:
ԵՄ հարևանության երկրների վարկավորման գործառույթների արևելյան բաժնի ղեկավար Լիոնել Ղապայն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նշել է, որ Երևանն իսկապես վստահելի գործընկեր է, ինչն էլ հնարավորություն է տալիս ընդլայնելու համագործակցության ուղղություններն ու ապահովելու արդեն իսկ նախաձեռնված ծրագրերի շարունակականությունը:
«Երևանի քաղաքապետարանի հետ մենք համագործակցության ծրագրեր ենք իրականացնում տարբեր ուղղություններով և ընդլայնելով գործակցության շրջանակները՝ այսօր տալիս ենք ևս մեկ կարևոր՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի մեկնարկը: Ծրագրի նպատակն է այնպես անել, որ Երևանում մանկապարտեզները լինեն ավելի անվտանգ, ավելի ապահով, ավելի տաք, և այդ ամենի արդյունքում մենք, իհարկե, կհասնենք էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատման: Ի դեպ, վարկային այս ծրագիրն առանձնահատուկ է նաև նրանով, որ սա առաջին ոչ սուվերեն, այսինքն առանց պետական երաշխիքի վարկն է, որը ստորագրվել է ուղիղ Երևան համայնքի հետ: Եվ դա, անշուշտ, Երևանի հանդեպ վստահության մեծ ցուցիչ է», – նշել է Լիոնել Ղապայը:
Պատասխանատուների կողմից ներկայացվել են նաև Երևանի էներգաարդյունավետության ծրագրի մանրամասները, համաձայն որի վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին հնարավոր կլինի բարձրացնել մանկապարտեզներում սեյսմակայունությունը և էներգաարդյունավետությունը: Այդ համատեքստում Երևանի քաղաքապետարանի ենթակայության 29 մանկապարտեզներ ամբողջովին կհիմնանորոգվեն, իսկ 118 մանկապարտեզներում կիրականացվեն էներգաարդյունավետության և սեյսմակայունության տեխնիկական ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կնախաձեռնվեն էներգաարդյունավետության և սեյսմակայունության միջոցառումներ:
Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում կստեղծվի ավելի անվտանգ միջավայր մանկապարտեզների սաների, դաստիարակների և այլ աշխատակիցների համար: Կանխատեսվում է, որ այդպիսով հնարավոր կլինի խնայել տարեկան 27.800 ՄՎտ ժամ էներգիա, նվազեցնել CO2 արտանետումների տարեկան ծավալները մինչև 5,502 տոննա և զգալի կրճատել այլ ջերմոցային գազերի արտանետումները, ինչն իր հերթին կնպաստի կլիմայի փոփոխության մեղմմանը և որոշակիորեն կկրճատի էլեկտրաէներգիայի մասով Երևանի քաղաքապետարանի բյուջեի ծախսերը:
Այնուհետ Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Եվրոպական Միության հարևանության երկրների վարկավորման գործառույթների արևելյան բաժնի ղեկավար Լիոնել Ղապայը:
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի ֆինանասական համաձայնագիրն էլ ստորագրել են Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամի գլխավոր տնօրեն Էվա Մանիկը և Եվրոպական Միության հարևանության երկրների վարկավորման գործառույթների արևելյան բաժնի ղեկավար Լիոնել Ղապայը:
Ստորագրված համաձայնագրերով, ըստ էության, ծրագրի իրականացումը տեղափոխվել է գործնական փուլ:
Նշենք, որ ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն եվրո, որից ԵՆԲ վարկային միջոցներից կհատկացվի 7 մլն. եվրո, Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը կկազմի 2 մլն. եվրո, E5P-ի (Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամ) դրամաշնորհային միջոցները կկազմեն 5 մլն. եվրո, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կանաչ կլիմայի հիմնադրամի դրամաշնորհային միջոցներն էլ՝ 1 մլն. եվրո:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Եվրոպական ներդրումային բանկի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների հետ միասին շրջել է նաև մանկապարտեզի բակում, զրուցել խաղացող փոքրիկների հետ՝ նրանց նվիրելով գրքեր: