«Այդ պատասխանատվությունն անձամբ ես եմ վերցրել ինձ վրա». Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ-ում կոռումպացված կադրերի մասին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց ՊԵԿ-ում նշանակումների և իր տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին՝ սուպերմարկետներում բացահայտումների գործով ԱԱԾ հրավիրելու վերաբերյալ։
«Հրավիրել են Ազգային անվտանգություն, հարցաքննել են, որը բնականոն գործընթաց է»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Մաշադյանը որպես մեղադրյալ կարող է ներգրավվել, Դ.Անանյանը հակադարձեց. «Դուք մի քիչ դրամատիկ եք ներկայացնում, Մաշադյանը հրավիրվել է տեղեկատվություն տալու իր կողմից հնչեցված որոշակի հարցերի վերաբերյալ»։
Դ. Անանյանը նշեց, որ վերահաշվարկ կարվի, և այն սուպերմարկետները, որոնք պայմանավորվածության շրջանակներում են գործել, պարտավոր կլինեն բյուջե վճարել չվճարված հարկերը։
Անդրադառնալով ՊԵԿ համակարգում աշխատանքի ընդունվող կոռումպացված կադրերի խնդրին՝ Դ.Անանյանը վստահեցրեց, թե ինքն աշխատանքի է հրավիրում բարձր պրոֆեսիոնալիզմի համար. «Այդ պատասխանատվությունն անձամբ ես եմ վերցրել ինձ վրա»։
«Ես կոչ եմ անում բոլորին՝ ովքեր ունեն տեղեկատվություն այս կամ այն պաշտոնյայի վերաբերյալ, որ ինքն այս կամ այն կոռուպցիոն սխեմաներով ներգրավված է եղել, և ունեն հանցագործության վերաբերյալ հայտարարություն անելու բավարար հիմք, ես կոչ եմ անում՝ այդ հայտարարությունը տան»,- հավելեց ՊԵԿ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում