«Փաշինյանի մեկնաբանությունը շատ տեղին է ու ճիշտ». Գառնիկ Իսագուլյանը 100 տոկոսով կիսում է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը
«Ինչքան էլ ես տարաձայնություններ ունենամ պարոն Փաշինյանի հետ, Արցախյան հարցում ես 100 տոկոսով իր մոտեցումներին կողմնակից եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու անհրաժեշտության մասին. «Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահը, իսկ Սերժ Սարգսյանն Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից է։ Հետևաբար՝ նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց ենք վերաբերվում։ Նույն բանը չեմ կարող անել ես»։
Գ. Իսագուլյանը Ն. Փաշինյանի այս հայտարարությունը շատ լավ է ընդունում. «Կարծում եմ՝ Փաշինյանի մեկնաբանությունը շատ տեղին է ու ճիշտ։ Նույնիսկ, եթե դա արվել է զուտ մարտավարական նկառատումներով, շատ ճիշտ է արել, մարդը հստակ ցույց է տալիս, որ Արցախի Հանրապետությունն առանձին պետություն է՝ իր Սահմանադրությամբ, իր պետական ինստիտուտներով, և ինքը՝ որպես ՀՀ վարչապետ, չի կարող Արցախի փոխարեն որոշում կայացնել»։
Հարցին՝ նրա այդ հայտարարությունը կարո՞ղ է նպաստել Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու գործընթացին, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Միանշանակ։ Սա վնաս հաստատ չի տա։ Նա չի ասել, որ հրաժարվում է բանակցություններին մասնակցել, ընդհակառակը, ասել է, որ մասնակցելու է բանակցություններին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։