Հավայիում հրաբխի ժայթքման հետևանքով ևս գրեթե 1,6 կիլոմետր ցամաք է գոյացել
Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբխի ժայթքող լավան շարունակում է լցվել Կապոխո ծոցը, ինչի մասին հայտնել է Associated Press-ը: Դրա հետեւանքով գրեթե մեկ մղոն (1,6 կիլոմետր) ցամաք է գոյացել։
Ինչպես հետեւում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության հաղորդագրություններից, հրաբուխը դեռ ակտիվ է, եւ հայտնի չէ՝ ժայթքումը կավարտվի, թե, ընդհակառակը, կսաստկանա: Շարժվելով դեպի ծովածոց՝ լավայի հոսքերը ոչնչացրել են Հավայիի խոշորագույն քաղցրահամ ջուր ունեցող լիճը, որի խորությունը որոշ վայրերում հասնում էր հարյուր ֆուտի ( 1 ֆուտը – 30 սանտիմետր):
Նոր ցամաքը դառնում է պետական հող, բայց առաջիկա տարիներին այն պիտանի չի լինի հողագործության համար, ինչպես կղզիների մնացած մասը:
Իսկ ընդամենը վերջին ժայթքման ժամանակ լավան ծածկել է ավելի քան 2 000 հեկտար տարածք, ընդ որում գիտնականները նշում են, որ դրա շերտը բացառիկ հաստ է՝ որոշ շրջաններ ծածկված են լավայի 6-մետրանոց շերտով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: