5 բուհ դիմել է վերահավատարմագրման
Մեկնարկել է բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման երկրորդ շրջափուլը: 5 բուհեր միաժամանակ դիմել են վերահավատարմագրման:
Երևանի Վ. Բրյուսովի պետական լեզվահասարակագիտական, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական, Հայաստանի ազգային ագրարային համալսարանները, ՀՀ պետական կառավարման ակադեմիան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան վերահավատարմագրման դիմում են ներկայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ):
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը այս բուհերին 2015 թվականին շնորհել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: Հավատարմագրում ստանալուց հետո բուհերը քայլեր են ձեռնարկել փորձագետների մատնանշած խնդիրների վերացման և բարելավման ծրագրի իրագործման ուղղությամբ: Հավատարմագրում ստանալուց երկու տարի անց բուհերը հաշվետվություն են ներկայացրել ՈԱԱԿ իրենց բարելավման ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Իսկ այժմ՝ հավատարմագրման ժամկետի ավարտից մեկ տարի առաջ, դիմել են վերահավատարմագրման. հավատարմագրման գործընթացը տևում է շուրջ 1 տարի:
Բուհերի վերահավատարմագրման ժամանակ փորձագիտական խումբը նաև ուսումնասիրելու է, թե բուհը որքանով է իրագործել բարելավման ծրագիրը և ինչպես է իրականացրել ստանձնած պարտավորությունները:
Նշենք, որ մինչ այս վերահավատարմագրման համար դիմել էին 2 տարի ժամկետով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած երկու բուհեր՝ Հյուսիսային և Եվրասիա համալսարանները: Հյուսիսային համալսարանն այս անգամ ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով, իսկ Եվրասիա միջազգային համալսարանի հավատարմագրման գործընթացն ընթացքում է:
ՈԱԱԿ