
Արմեն Սարգսյանը կոչ է արել բնապահպանական խնդիրների քննարկման հարթակ ձևավորել

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դիմում է բոլոր պետական, հետազոտական, գործարար և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ինստիտուտներին` կոչ անելով ձևավորել համապատասխան հարթակ բնապահպանական խնդիրների քննարկման համար:
Հայաստանում բնապահպանական խնդիրների և վերջերս բնապահպանների հետ հանդիպմանը հաջորդած քայլերի վերաբերյալ Tert.am-ը հարց է ուղղել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը: Հարցն ու պատասխանը ներկայացնում ենք ստորև.
– Մի քանի շաբաթ առաջ մի խումբ բնապահպաններ բաց նամակով դիմել էին Հանրապետության նախագահին՝ արձագանքելու Ամուլսարի հանքարդունաբերական խնդրին: Նախագահը հանդիպել էր նրանց նախագահական նստավայրի մոտ և նույնիսկ միացել նրանց շուրջպարին: Կտեղեկացնե՞ք, թե ինչ գործողություններ են հետևել այս իրադարձություններին, և ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանում բնապահպանական խնդիրների լուծումը:
– Փոփոխությունների և սպասումների այս օրերին բնապահպանական խնդիրները բնականորեն դարձել են հիմնական օրակարգային կետերից մեկը:
Բնապահպանական ոլորտում ակտիվ քաղաքացիներն իրենց բողոքի ձայն են բարձրացնում, իսկ նոր կառավարությունն այդ հարցերը լսելու և քննարկելու, ընդհանուր և համակարգային լուծումներ գտնելու պատրաստակամություն է հայտնել: Վարչապետը հանձնարարական է տվել՝ նախաձեռնել ստուգումներ բոլոր մետաղական հանքերում: Ակտիվիստներն առաջարկում են տրամադրել իրենց կողմից կատարված տարբերուսումնասիրությունների արդյունքները։
Նախագահը հանդիպել ու զրուցել է մեր երկրի բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների հետ, նախագահի աշխատակազմը բոլոր կողմերի հետ քննարկումներ է ունեցել:
Ուստի, նախագահը դիմում է բոլոր պետական, հետազոտական, գործարար և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ինստիտուտներին, կոչ անելով ձևավորել համապատասխան քննարկման հարթակ, կատարելու համար համալիր ուսումնասիրություն բոլոր հանքավայրերում և գտնելու ապագային միտված լուծումներ: