ԱՄՆ-ը Չինաստանում գտնվող իր քաղաքացիներին նախազգուշացրել է «ակուստիկ գրոհների» մասին
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Չինաստանում գտնվող իր ամերիկացի քաղաքացիների համար հունիսի 8-ին նախազգուշացում է հրապարակել այն բանի կապակցությամբ, որ Միացյալ Նահանգների մի քանի դիվանագետներ ենթարկվել են անհայտ ներգործության, որը Վաշինգտոնի կողմից նկարագրվում է որպես «ակուստիկ գրոհ», եւ որ այն բացասաբար է ազդել նրանց առողջության վրա: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Պետդեպարտամենտն ստացել է այն բանի բժշկական հաստատումը, որ Չինաստանում ԱՄՆ-ի պետծառայողը ենթարկվել է բժշկական պատահարի, որը համապատասխանում է նրան, ինչ ԱՄՆ-ի այլ պետծառայողներ զգացել են Հավանայում»,- ասված է փաստաթղթում, որից մեջբերումներ է արել գործակալությունը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտնել էր, որ Չինաստանի Գուանչժոու քաղաքում (Գուանդունի հարավային նահանգ) ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության մի քանի աշխատակիցներ եւ նրանց ընտանիքների անդամներ ուղարկվել են հայրենիք բժշկական զննություն անցնելու համար:
Դիվանագետները վերջին ամսվա ընթացքում վատառողջ են զգացել: Նոյերթը հայտնել Է, որ հիվանդացածների մոտ նկատվել են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են գլխապտույտը, գլխացավերը, ականջներում աղմուկը, հոգնածությունը, ճանաչողական խնդիրները, տեսողության, լսողության խնդիրները, անքնությունը:
Անցյալ տարի Կուբայում համանման ախտանշաններ են արձանագրվել 24 ամերիկացի եւ 10 կանադացի դիվանագետների մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: