Մանրամասներ Կարբիում արձակված կրակոցների դեպքից. օգտագործվել են մահակներ, կտրող-ծակող գործիք
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մայիսի 27-ին Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. Արդյունքում` մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, երկուսը՝ ձերբակալվել:
2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, կիրառվել հրազեն, առանձին մասնակիցների կողմից օգտագործվել են մահակներ, կտրող-ծակող գործիք։ Միջադեպի ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 4 անձ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված լայնածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ արձակած անձի ինքնությունը, ով ևս Կարբիի բնակիչ է։
Նրա մասնակցությամբ կատարված քննչական գործողության արդյունքում Օհանավան գյուղի գերեզմանատան տարածքից հայտնաբերվել և առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգը։
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդված 1-ին մասով։ Փաստական տվյալներ ձեռք բերվել նաև միջադեպին մասնակցություն ունեցած ևս երկու անձի ինքնության վերաբերյալ, ովքեր ձերբակալվել են՝ որպես զենք օգտագործվող փայտյա մահակներով խուլիգանություն կատարելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ կետի հատկանիշներով):
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ միջադեպի մասնակիցների ամբողջական շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: