
Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Բարի գալուստ մաղթելով նրանց Հայաստանում` նախագահ Սարգսյանը ողջունել եւ կարեւորել է Միացյալ Նահանգներում համահայկական նշանակության հարցերով մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական օրակարգային հարցերի, դրանց լուծման ուղղությամբ նոր ուղիներ գտնելու, աշխատանքն ավելի արդյունավետ ու նպատակային դարձնելու հնարավորությունների վերաբերյալ:
Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները հպարտությամբ փաստել են Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների խաղաղ բնույթը եւ անձամբ նախագահ Սարգսյանի կարեւոր եւ հավասարակշռող դերն այդ գործում: