
Լավրովին շնորհակալություն հայտնեցին ժպտալու համար, իսկ Մնացականյանը նրա ժպիտն անվանեց «լեգենդար»

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում համատեղ ասուլիսի ժամանակ փոքրիկ, հետաքրքիր միջադեպի կենտրոնում հայտնվեցին: Այս մասին ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց հնչեցրեց հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ հետաքրքրվելով, թե ինչպես է այսօր օգտագործվում հարյուրամյակների պատմություն ունեցող հարաբերությունների ներուժը:
Լավրովը պատասխանից առաջ ծիծաղեց՝ նշելով, որ լրագրողը ստիպում է կրկնել այն հայտարարությունները, որոնք նախարարներն արել էին հարցուպատասխանից առաջ: Պատասխանը հնչեցնելուց հետո լրագրողը դիմեց ՌԴ ԱԳ նախարարին՝ շնորհակալություն հայտնելով ժպտալու համար:
«Ես հազվադե՞պ եմ ժպտում»,- զարմացավ Լավրովը:
Խոսակցությանը միջամտեց Մնացականյանը՝ չհամաձայնելով լրագրողի դիտարկման հետ:
«Անկեղծ ասած, ես այդքան էլ համաձայն չեմ այն մտքին, որ Սերգեյ Լավրովը հազվադեպ է ժպտում, քանի որ ես հաճախ եմ առավելություն ունեցել նրան տեսնել գործունեություն ծավալելիս, հատկապես ՄԱԿ-ում: Պետք է նկատեմ, որ ժպտալու ու դրանում մյուսներին ներգրավելու նրա կարողությունը լեգենդար է և շատ հայտնի Նյու Յորքում»,- կատակեց Մնացականյանը:
«Ժամանակն է փոխել թեմատիկան»,- կատակեց Լավրովը՝ ասելով, որ արդեն ամաչեցնում են:
Զոհրաբ Մնացականյանը, նախքան ՀՀ արտգործնախարարի պաշտոնին նշանակվելը, 2014-2018 թվականներին Միավորված ազգերի կազմակերպությունում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնը:
Լուսանկարը` ТАСС