«Ապացուցեք, որ հաղթանակած ժողովրդի դուխով զավակներն եք». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս:
«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Ազգային ժողովի հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ,
Սիրելի լրագրողներ,
Պատիվ ունեմ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը։ Մեր կառավարությունը այս կարգավիճակին արժանացել է Հայաստանում տեղի ունեցած մի պատմական իրադարձության՝ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում։
Պատմական այս գործընթացով ձևւավորված կառավարությունն ըստ այդմ, պատմական առաքելություն ունի իրականացնելու և այդ առաքելությունը Հայաստանի Հանրապետությունը ազատ, հզոր ու երջանիկ պետություն դարձնելն է։
Հայաստանի Հանրապետությունն այսօր աշխարհում հայտնի է որպես Սիրո և համերաշխության աննախադեպ հեղափոխություն իրականացրած երկիր։ Մեր խնդիրն է, ըստ այդմ, դրական այս իմիջը զարգացնելն ու Հայաստանը դարձնելը ետհեղափոխական աննախադեպ հաջողությունների երկիր, ում հաջողվել է հեղափոխության գաղափարներն ու արժեքներն ամրագրել որպես հանրային-պետական կյանքի հարատև կանոններ։
Այս իմաստով առանցքային նշանակություն ունեն և հետեւաբար՝ կառավարության գործունեության համար ուղենշային են լինելու հետևյալ հայեցակարգային հիմնախնդիրները.
– Իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:
– Իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը և քաղաքացիական համերաշխությունը:
– Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը:
– Կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը:
– Մարդու իրավունքների պաշտպանվածությունը և մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
– Արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը:
– Տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը:
– Հանրության կրթական և սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը:
– Բռնությունից զերծ հանրության հաստատումը և բռնության հանրային մերժումը։
– Շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը:
Մենք համոզված ենք, որ հենց այս թեզերով է պարփակվում այն բովանդակային տարածքը, որն անհրաժեշտ է Հայաստանը զարգացման նոր աստիճանի բարձրացնելու համար։ Եվ ընդհակառակը՝ համոզված ենք, որ արդեն ավելի քան 20 տարի Հայաստանի զարգացումն արգելափակող ձախողումները տեղի են ունեցել հենց վերը նշված բովանդակային տարածքում և վերը նշված թեզերը մենք համարում ենք Հայաստանի խնդիրներն ախտորոշող եզրակացություն և բուժման դեղատոմս՝ միաժամանակ։
Ու չնայած համոզված ենք նաև, որ նշված խնդիրները պատճառահետևանքային կապերով կապված են միմյանց հետ՝ թույլ տվեք պնդել, որ Հայաստանի զարգացումն արգելափակած անկյունաքարային հիմնախնդիրը, որը հարուցիչ ու պատճառ է դարձել մեր երկրի բոլոր համակարգային պրոբլեմների, ընտրությունների ընթացքում ժողովրդի կամքի հետևողական և շարունակական ձևախեղումն է։ Մենք հենց սա ենք համարում Երրորդ հանրապետության պատմության չարիքների-չարիքը, որի նախապատրաստման գործողությունները, ապա և իրագործումից հետո ծագած շղթայական ռեակցիաները բերել են հանրային, քաղաքական, տնտեսական, իրավական, կրթական, սոցիալական և պետական դեգրադացիայի և ես հիմա կփորձեմ փաստարկել այս թեզը՝ հիմնավորելով մեր կառավարության ներկայացրած ծրագիրը։
Նախ՝ ուզում եմ արձանագրել իմ համոզմունքը. Հայաստանի անկախացումից հետո տեղի ունեցած բոլոր խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են, բացառությամբ 1991 թվականի նախագահական և 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների։ Ու եթե մինչև 2017 թվականը խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու հիմնական գործիքները եղել են սպառնալիքները, վարչական լծակների գործադրումը, ֆիզիկական բռնությունները, քվեաթերթիկների լցոնումները, 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները կեղծելու հիմնական գործիքները եղել են սպառնալիքները, վարչական լծակների գործադրումը և ընտրակաշառքի համատարած բաժանումը։
Ամեն դեպքում, կարևոր է ընդգծել, որ չկա ընտրակեղծարարության որեւէ տեսակ, որ հետապնդելի և դատապարտելի չլինի քրեական օրենսգրքով։ Բայց հասկանալիորեն, ընտրությունների արդյունքները կեղծած և այդ կեղծման հետևանքով իշխանության եկած կամ իշխանությունը պահպանած քաղաքական թիմերն ու խմբերը չէին կարող այդ իրադարձությունների պատշաճ քննություն իրականացնել, մեղավորներին արժանի պատասխանատվության ենթարկել, որովհետև այդպիսով որպես մեղավոր պետք է բացահայտեին իրենք իրենց և հետո ստորին ու միջին օղակի կեղծարարներին բացահայտելով նրանք կզրկվեին իրենց ամենակարևոր և հուսալի, եբեմն միակ քաղաքական հենարանից։
Եվ ուրեմն, ընտրությունների արդյունքների հետևողական ու շարունակական կեղծումներն ու ձևախեղումները, այդ իրողությունները չբացահայտելու քաղաքական ճնշումն ու պարտադրանքը, որ բանեցվել է իրավապահ և դատական մարմինների նկատմամբ, հենց բնում ջախջախել է իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, առանց որի պետության կայացումը կարելի է բացառել։
Իրավապահ մարմինները, որոնք ոչ միայն պատշաճ չեն քննել, այլև կոծկել են ընտրական հանցագործությունները, դարձել են հակաիրավական մարմիններ։ Դատարաններն ու դատախազները, որոնք աչք են փակել ապօրինի հետաքննությունների ու նախաքննությունների, կեղծումների ու կոծկումների վրա, դարձել են ձևւախեղման այս գործընթացի հենարանն ու երաշխավորը, իսկ քաղաքական իշխանությունը, որը կեղծարարության այս հսկայական մեքենայի պտուղների հիմնական վայելողն է դարձել, ստանձնել է արատավոր այս համակարգի տանիքի ու հովանավորի դերը։
Այլասերման այս գործընթացն անխուսափելիորեն հանգեցրել է նրան, որ Հայաստանում գործել է պետություն, պետությունից դուրս։ Ձևավորվել է ընտրակեղծարար արտոնյալների մի խավ՝ ներառյալ նրանց սպասարկող դատաիրավական համակարգը և նրանց հովանավորող պետական իշխանությունը, որը դուրս է եղել օրենքից և Հայաստանի օրենքները նրանց անհրաժեշտ են եղել միայն քաղաքական հակառակորդներին և անվերահսկելի տարրերին վերահսկելու, հետապնդումների ենթարկելու, ծնկի բերելու համար, որովհետև իրենց վրա այդ օրենքները չեն տարածվել, իրենք ապրել են բոլորովին ուրիշ, չգրված օրենքներով։
Այս պայմաններում նույնիսկ այնպիսի արժեքները, ինչպես հանրային և ազգային միասնությունը՝ ձևախեղվել են և վարկաբեկվել, որովհետև պաշտոնական քարոզչության շուրթերից հնչող միասնության կոչերը ոչ թե միասնություն ապահովելու նպատակ են ունեցել, այլ ապօրինությունները, թալանը, նույնիսկ բռնություններն ու սպանությունները չնկատելու, հանդուժելու և դրանց հարմարվելու առաջարկ։ Եվ պետությունը բռնազավթած այս ապապետական համակարգը մարդկանց լռեցնելու, վարկաբեկելու, իրար դեմ հանելու, ֆիզիկական և հոգեբանական հաշվեհարդարի ենթարկելու համար միլիոնավոր դոլարներ է ծախսել և նման գործողությունները հետագայում ավելի ու ավելի մեծ ծախսեր են պահանջել, որովհետև հանցագործությունների ծավալների աճը լռության ու համաձայնության ավելի մեծ գին է պահանջել, այն աստիճան, որ ի վերջո իշխանությունը ինքն իրեն վերարտադրելու համար ստիպված է եղել լռության ու համաձայնության գին վճարել ամբողջ հանրությանը կամ առնվազն՝ նրա մեծագույն մասին՝ փորձ անելով կոռուպցիան դարձնել հանրային հարաբերությունների կարգավորման առանցքային գործիք։
Ահա, այս իրավիճակում են Հայաստանում հաստատվել տնտեսական մենաշնորհներ, որոնց գոյության միակ նպատակը վերը նշված մեխանիզմներով իշխանության վերարտադրության համար անհրաժեշտ փողի և կապիտալի կուտակումն է եղել։ Եվ այս պայմաններում իշխանությունը ստիպված է եղել հնարավոր բոլոր միջոցներով պահպանել և պաշտպանել մոնոպոլիաներին, փողի ապակենտրոնացում թույլ չտալու, այսինքն՝ փողի նկատմամբ իր վերահսկողությունը չկորցնելու համար։ Սա իր հերթին լայնորեն արգելակել է իրական տնտեսական աճը Հայաստանում, չնայած մեծ հաշվով ընտրությունները կեղծող իշխանությունը ներառական տնտեսական աճ ապահովելու խնդիր իր առաջ չի էլ դրել, որովհետև ներառական տնտեսական աճը, որի ազդեցությունն իրենց վրա զգում են շատ ավելի մեծ թվով մարդիկ, դժվարացնում է մարդկանց վերահսկելու գործընթացը և ոչ միայն փոքրացնում ընտրակաշառքի ազդեցությունը, այլև մեծացնում դրա պոտենցիալ չափը, որովհետև ավելի բարեկեցիկ մարդը պակաս հակված կլինի ընտրակաշառքին, իսկ հակված լինելու դեպքում շատ ավելի մեծ ակնկալիք կունենա։ Իսկ նման իրավիճակում փողերը կարող են և չհերիքել: Իսկ որքան ցածր է հանրության և առանձին վերցրած քաղաքացու սոցիալական, կրթական մակարդակը, այնքան ավելի հնազանդ է նա կոռուպցիոն համակարգին։
Այսպիսով՝ տիկնայք և պարոնայք, մենք առաջնորդվում ենք այն համոզմունքով, որ Հայաստանում տեղ գտած ամենաառանցքային քայքայիչ երեւույթներն ուղիղ կապ ունեն իշխանությունը հնարավոր ամեն գնով պահպանելու և այդ ճանապարհին ոչնչի առաջ կանգ չառնելու՝ Հայաստանը երկար տարիներ կառավարած թիմերի մոլուցքի հետ։ Եվ մեր կառավարությունն իր մեծագույն առաքելությունը համարում է քայքայիչ այս մտածողությունը Հայաստանից արմատախիլ անելը։
Սրա համար անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են, որովհետև Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին ի վերջո կարողացավ ջարդուփշուր անել ընտրակաշառքի, հարկադրանքի, վախի ու կախվածության ստրկացնող շղթաները, և հիմա եկել է ժամանակը այս իրողությունը որպես հանրային պայմանավորվածություն և մշակույթ արձանագրելու համար:
Սա առաջին հերթին ոչ թե կառուցակարգային, այլ բովանդակային խնդիր է և կառավարության խնդիրը այս փուլում հենց նման բովանդակություն և իմաստ հաղորդելն է հանրային-քաղաքական կյանքին։ Գործնական առումով մեր կարևորագույն խնդիրը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է և այդ ընտրությունների հիմնական նպատակը պետք է լինի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների մեխանիզմն ու հնարավորությունը ժողովրդին վերադարձնելը, և վերադարձի այս ակտը անբեկանելի դարձնելը:
Բնական հարց կծագի. իսկ ինչու արտահերթ ընտրությունները չանցկացնել հենց հիմա։ Անկեղծ ասած, ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև մեր կազմակերպած և առաջնորդած թավշյա հեղափոխության ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին և որևէ կասկած չկա, որ ընտրություններն այսօր անցկացնելու դեպքում մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ։ Բայց եթե մենք առաջնորդվենք այս տրամաբանությամբ, կնշանակի, որ իշխանությունը երկրում փոխվել է, իսկ բովանդակությունը չի փոխվել և նոր իշխանությանը, ինչպես բազմաթիվ նախկինների՝ առաջ է մղում բացառապես իշխանությունը պահպանելու մոլուցքը և ընտրություններն անցկացվում են մի պայմաններում, երբ ժողովուրդը ընտրական համակարգի միջոցով իշխանությունը փոխելու իրական հնարավորություն չունի, այս անգամ էլ ետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտի պատճառով։
Մենք կարծում ենք, որ ընտրությունները Հայաստանում պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում և դա ոչ միայն հնարավորություն կտա էականորեն բարելավել ընտրական համակարգը, այլև քաղաքական մյուս ուժերին, ում համար իշխանափոխությունն անակնկալ էր ու անսպասելի՝ դուրս գալ ցայտնոտի վիճակից և որոշակի ընտրական նախապատրաստություններ տեսնել։ Բացի դրանից, այս ժամանակացույցը ժողովրդին, քաղաքացիներին հնարավորություն կտա կատարել տեղեկացված ընտրություն, ինչպես անգլերեն ընդունված է ասել՝ informed decision, հիմնվելով գործող կառավարության և իշխող թիմի գործունեության արդյունքների վրա։
Հաջորդ հարցը, որ կարող է ծագել հետևյալն է. իսկ ինչու՞ ընդհանրապես անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պատասխանը շատ պարզ է. ինչպես հեռացել է կեղծիքներով ու ընտրակաշառքով ձևավորված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա կեղծիքներով ու ընտրակաշառքով ձևավորված օրենսդիր իշխանությունը:
Իսկ առաջիկա ժամանակը գործող կառավարությունը մտադիր է օգտագործել ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների ենթարկելու համար և այդ փոփոխությունները կլինեն հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը ընտրությունների օրինականությունն ու թափանցիկությունը երաշխավորելու տրամաբանությամբ: Կառավարությունը մտադիր է այս հարցով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծել, որում ընդգրկվելու հրավեր կստանան խորհրդարանական բոլոր խմբակցությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:
Այդ ժամանակը, սակայն, օգտագործելու ենք ոչ միայն ընտրական համակարգը բարելավելու համար: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր գործունեության կարևորագույն կողմը լինելու է ոչ միայն առօրյա, ինքնին հասկանալի, Հայաստանի Հանրապետության օրենքներից, միջազգային պայմանագրերից, ամենաօրյա խնդիրների լուծման անհրաժեշտությունից բխող քայլերը, ինչն ինքնին հասկանալի է և տրամաբանական, այլև այնպիսի գործողությունները որոնց հիմնական նպատակը Հայաստանի հին բովանդակությունը նոր բովանդակությամբ փոխարինելն է։ Այդ փոփոխությունների զգալի մասն, ընդ որում, չի պահանջում օրենսդրական և կառուցակարգային որևէ փոփոխություն, որևէ վարկ կամ գրանտային միջոց, այլ ընդամենը քաղաքական կամքի գործադրում:
Ի՞նչն ենք ուրեմն պատրաստվում անել և ինչպես:
Հայաստանում չեն լինելու արտոնյալներ։ Օրենքը հավասարաբար գործելու է բոլորի, այդ թվում՝ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։ Եվ որպեսզի սա չհնչի որպես սպառնալիք ուրիշների հասցեին, պիտի ջանքեր գործադրեմ, որ այդ սկզբունքն առաջինը գործի իմ ընտանիքի անդամների, իմ շրջապատի, հարազատների և բարեկամների նկատմամբ։ Ու հպարտ եմ հայտարարել, որ որդիս, ում 18 տարին լրացել է այս տարվա մարտին և որը պետք է առաջիկա զորակոչին մեկնի ժամկետային զինվորական ծառայության, դիմում է գրել և կամավոր հիմունքներով ծառայությունն իրականացնելու է Արցախում։ Հասկանալի է, որ այս պայմաններում մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը և պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու օրենքով նախատեսված հիմնավոր և օրինական պատճառներ չունեն, ծառայեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրած երիտասարդներն ու պատանիները։ Գործող և նախկին պաշտոնյաներին և նրանց որդիներին այս բարձր ամբիոնից կոչ եմ անում. եթե իրենք գտել են բանակից խուսափելու զարտուղի կամ կիսազարտուղի ճանապարհներ, արձագանքել նոր ժամանակների նոր մոտեցումներին, ներկայանալ զինվորական կոմիսարիատներ և զորակոչվել բանակ:
Եվ այս ֆոնին կրկին, ևս մեկ անգամ կոչ եմ անում շուրջ մեկ տասնյակ հազար մեր հայրենակիցներին, ովքեր գտնվում են արտերկրում և ում նկատմամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզում է հայտարարված. սիրելի բարեկամներ, եղբայրներ վերադարձեք Հայաստան, մեկնեք ժամկետային զինվորական ծառայության և հայրենիքի անվտանգության ձեր բաժին պատասխանատվությունն անպայման ստանձնեք։ Սա նոր Հայաստան է, այստեղից չեն փախչում որևէ՝ այդ թվում բանակից խուսափելու պատճառաբանությամբ։ Այստեղ վերադառնում են այսօրվա և ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվության և սիրո զգացողությամբ։ Սպասում եմ յուրաքանչյուրիդ, ապացուցեք, որ հաղթանակած ժողովրդի դուխով զավակներն եք։
Եվ կրկին ուզում եմ հիշեցնել, որ ժամկետային զինվորական ծառայություն անցնելու համար հայրենիք վերադարձած պատանիները, երիտասարդները, եթե անգամ հետախուզման մեջ են, չեն ձերբակալվի, նրանց նկատմամբ որևէ հետապնդում չի իրականացվի, իսկ բարձր մասնագիտական հմտություններ ունեցող անձինք հնարավորություն կստանան ծառայությունն իրականացնել Զինված ուժերի զարգացման համապատասխան ոլորտում:
Շարունակելով թեման, ասեմ նաև, որ մենք ապահովելու ենք, որ ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող զինվորների ծնողները չունենան իրենց զավակներին բանակում պահելու, նրանց համար ներքնաշորեր, կոշիկ, սնունդ, հիգիենիկ պարագաներ գնելու պարտավորություն։ Մենք հոգ ենք տանելու, որ պետությունն իր զինվորին ապահովի այս ամեն ինչով և դա անի պատշաճ որակով ու մակարդակով։
Մենք թույլ չենք տալու, որ մեր զինվորներին ու սպաներին որևէ մեկն ընտրական հարկադրանքի ենթարկի, և նրան աշխատանքից ազատելու սպառնալիքի տակ, կամ զինվորական սուբորդինացիան չարաշահելով ստիպի խորհրդարանական ընտրություններում քվեարկել այս կամ այն ուժի օգտին, որովհետև զինվորի քաղաքացիական կամքը, ոգին կոտրելով կոտրում են նաև մարտական կամքը և ոգին։
Մենք թույլ չենք տալու, որ մեր բանակում անհանդուրժողական անառողջ մթնոլորտ տիրի, դիտորդի նման չենք հետևելու բանակում տեղի ունեցող ինքնասպանություններին ու ինքնասպանությունների փորձերին, ոչ կանոնադրական հարաբերություններին. ամեն նման դեպքի հետևում կա իր աշխատանքը պատշաճ կերպով չկարած պատասխանատու և նրան պետք է գտնել ու պատասխանատվության ենթարկել։
Ես հասկանում եմ, որ հիմա ինձ լսող բազմաթիվ սպաներ հարց են տալիս. գիտե՞նք արդյոք, թե ինչ պայմաններում, ինչ աշխատավարձով են իրենք աշխատում: Այո գիտենք, պարոնայք սպաներ, և նաև գիտակցում ենք թե ինչպիսի սոցիալական խնդիրներ կան ազնիվ զինծառայողների ընտանիքներում: Եվ այդ խնդիրների շարունակական լուծումը լինելու է մեր առաջնահերթությունների շարքում: Բայց այդ խնդիրները չեն լուծվի, եթե մենք բոլորս՝ շարքային ոստիկանից, զինծառայողի, սկսած մինչև նախարար ու վարչապետ աշխատանքի զգացողությունը չփոխարինենք առաքելության զգացողությամբ: Մենք պետք է հասկանանք, որ սովորական ժամանակներում չենք ապրում, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեզնից յուրաքանչյուրը հերոսանալու, մաքրագործվելու, հայրենիքին ու ապագային ծառայություն մատուցելու պատմական հնարավորություն ունի, և այդ հնարավորությունն ի կատար ածելու միայն մի ձև կա, միայն մի տարբերակ. ուրանալ սեփական անձը, և անմնացորդ տրվել առաքելությանը, անմնացորդ տրվել ծառայությանը: Ուրիշ տարբերակ պարզապես չկա:
Եվ ուրեմն, մենք զարկ ենք տալու Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրին և վերականգնելու ենք Հայաստան-Ադրբեջան խախտված ռազմական հավասարակշռությունը, ընդ որում Ադրբեջանի կողմից ծախսվող աստղաբաշխական գումարներին մենք հակադարձելու ենք ինովացիոն տեխնոլոգիաները, ինովացիոն միտքը։
Մենք արմատախիլ ենք անելու կոռուպցիան և որոշումների կայացման կոռուպցիոն մեխանիզմները և համոզված եմ, որ դա անելու ենք բավականին հեշտությամբ, որովհետև երբ երկրի ղեկավարը թաթախված չէ կոռուպցիայի մեջ և կաշկանդված չէ կոռուպցիոն որևէ խարդավանքով, սա արդեն կոռուպցիան ջախջախելու կարևորագույն նախապայման է։ Եվ հիմա, այս բարձր ամբիոնից, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու աչքերի մեջ նայելով ուզում եմ հայտարարել. վարչապետի պաշտոնում չեմ մտնելու կոռուպցիոն որևէ գործարքի մեջ, վարչապետի պաշտոնավարումից որևէ «կողմնակի» եկամուտ չեմ ունենալու, որևէ գույք, բիզնես, բաժնետոմս ձեռք չեմ բերելու։ Եվ նման մոտեցում եմ պահանջում նաև կառավարության յուրաքանչյուր անդամից, յուրաքանչյուր պաշտոնյայից:
Մենք էականորեն մեծացնելու ենք պետական եկամուտները և հզորացնելու ենք մեր երկրի ֆինանսական համակարգը։ Էականորեն կրճատելու ենք ստվերային տնտեսությունը և առողջացնելու ենք տնտեսական հարաբերությունները։ Վերջերս խոշոր գործարարների մի խմբի հետ ունեցած մի հանդիպման ժամանակ հայտարարեցի, հիմա էլ ուզում եմ կրկնել. Հայաստանի բոլոր գործարարները, բոլորն առանց բացառության ազատվում են բոլոր տեսակի կոռուպցիոն պարտավորություններից։ Ցանկացած պաշտոնյա՝ դատախազ, միլպետ, հարկայինի պետ, նախարար և այլն, ով կփորձի փայ մտնել որևէ բիզնեսում, այսպես ասած նալոգ դնել որևէ գործարարի վրա, իմ անձնական թշնամին է և պիտի սպասի պետության ու օրենքի ջախջախիչ հակահարվածին։
Որևէ մեկը չմտածի, թե կարող է խուսափել պատասխանատվությունից. բոլոր կոռուպցիոներներին հայտնաբերելու ենք ու հանենք նույնիսկ ամենահեռու և ամենամութ ծակերից։
Մենք ոչնչացնելու ենք արհեստական տնտեսական մենաշնորհները. գործնականում կարող ենք ասել, որ տնտեսության մենաշնորհային համակարգը կյանքի վերջին օրերն է ապրում Հայաստանում։ Մենք տնտեսական հավասար հնարավորություններ ենք ստեղծելու բոլորի համար, բոլորը հարկվելու են նույն կերպ և նույն օրենքով։ Իհարկե, Հարկային օրենսգրքի բարեփոխումները, դրա կիրառման հեշտացումն ու պարզեցումը մեր առաջնահերթությունների ցանկի մեջ է, որովհետև Հարկային օրենսգիրքն իրոք բազմաթիվ բարդություններ և խառնաշփոթ է ստեղծել, որի նպատակը կրկին ու կրկին կոռուպցիոն անսահմանափակ հնարավորություններ ստեղծելն է և մենք օր առաջ պետք է գործարարներին ազատենք հարկային գլուխկոտրուկներից:
Այս գործողություններով մենք ներդրումային բարենպաստ միջավայր ենք ապահովելու. յուրաքանչյուր ներդրող Հայաստան մտնելուն պես պետք է պաշտպանված զգա իրեն։ Եվ ուզում եմ հայտարարել, որ վարչապետի պաշտոնում անձամբ ինձ համարում եմ Հայաստանում իրականացված ցանկացած ներդրման երաշխավորը: Արդեն իսկ հանձնարարել եմ Ազգային անվտանգության ծառայությանը, որ այդ կառույցում ստեղծվի ներդրումների անվտանգությունն ապահովող բաժին և յուրաքանչյուր խոշոր ներդրողի կցվի ԱԱԾ աշխատակից, ում պատասխանատվությունը կլինի արագ արձագանքել խնդիրներ ունենալու մասին ներդրողի բոլոր ահազանգերին և լուծել այդ խնդիրները:
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր այն սփյուռքահայ հայրենակիցներին, ովքեր արագ արձագանքելով Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանը, արդեն իսկ Հայաստանում ներդրումներ են արել: Ընդհանրապես, պետական կառույցների վկայությամբ, Հայաստանում նախկինում երբեք ներդրումային այսպիսի հետաքրքրություն չի եղել և մենք հույս ունենք, ամեն ինչ կանենք, որ ներդրումային այդ հետաքրքրությունը շատ արագ վերածվի ներդրումային բումի: Եվ կոչով դիմում եմ կրկին սփյուռքի մեր հայրենակիցներին. եղբայրներ և քույրեր, մի սպասեք ոչնչի, եկեք և ներդրումներ արեք Հայաստանում, հարստացեք և հարստացրեք, սրա համար չկա ոչ մի քաղաքական խոչընդոտ: Ես գիտեմ, որ իմ այս կոչին ի պատասխան շատ քննադատներ ասելու են, թե կապիտալը հայրենիք չունի:
Համաձայն եմ, իհարկե: Բայց տվյալ դեպքում՝ կապիտալի տերերը հայրենիք ունեն և այս դեպքում հայրենիքը ոչ թե ֆինանսական օգնություն է խնդրում, այլ ուզում է հարթակ դառնալ, պլացդարմ դառնալ կապիտալի տերերի հետագա հզորացման համար, ինչն իր հերթին կծառայի հայրենիքի հզորացմանը:
Միևնույն ժամանակ, մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու ենք գործարար մարդու վարկն ու համարումը բարձրացնելու համար։ Արդյունք ստեղծող, աշխատատեղեր ստեղծող, հարկեր վճարող մարդու կարգավիճակը հանրային գիտակցության մեջ պետք է առնվազն չզիջի պատգամավորի, քաղաքապետի, նախարարի կարգավիճակին։ Գործարարն իսկապես պետք է զգա, որ պետությունն ու հանրությունը շնորհակալ են իրեն արդյունք ստեղծելու, աշխատատեղեր բացելու, հարկեր վճարելու համար։ Ու գործարարի այս կարգավիճակն այնքան բարձր ու այնքան պատվավոր պետք է լինի, որ յուրաքանչյուր օրինապահ գործարար այնքան պաշտպանված լինի, որ պատգամավորի կամ նախարարի կարգավիճակը ոչնչով գրավիչ չլինի նրա համար։ Ահա այս հենքի վրա մենք պիտի փորձենք լուծել նաև Երրորդ հանրապետության առանցքային թնջուկներից մեկը, բիզնեսի և իշխանության տարանջատումը։
Այս խնդիրը ձևակերպելիս նախ և առաջ հասկանում են, թե գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Եվ սա ճիշտ է ու արդարացի։ Բայց այս սկզբունքի կիրառումն ամբողջական ու ազնիվ չի լինի, եթե մենք չկիրառենք այս սկզբունքի կարևոր բովանդակային կողմերից մյուսը. Եթե գործարարը քաղաքականությամբ պետք է չզբաղվի, քաղաքական գործիչն էլ բիզնեսով չպետք է զբաղվի և քաղաքականությունը, առավելևս իշխանությունը չպետք է լինեն փող աշխատելու գործիք որևէ մեկի համար ու հանրությունը պետք է լծակներ ունենա վերահսկելու, որ իր պաշտոնյան բիզնեսով չզբաղվի: Բայց այս խնդրին արմատական լուծում տալու համար մենք պետք է նաև նվազեցնենք փողի ազդեցությունը քաղաքականության վրա, որովհետև երբ փողը դառնում է վճռական քաղաքական գործոն, քաղաքական գործիչների, կուսակցությունների առաջնային խնդիրը դառնում է փողի հարցը լուծելը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։ Մենք Հայաստանից պետք է արմատախիլ անենք ընտրակաշառքի արատավոր համակարգը։ Ընտրակաշառք վերցնելը և բաժանելը պետք է համարվի անպատվություն, իսկ ընտրակաշառք բաժանելու յուրաքանչյուր փորձ պետք է արժանանա իրավապահ մարմինների արագ և անխնա արձագանքին։ Քաղաքականությունը պետք է առաջին հերթին լինի բովանդակության պայքար և փողի դերը պետք է լինի երկրորդական և նման իրավիճակ հաստատելու իրական հնարավորություն կա, որովհետև հենց այս սկզբունքն էր դրված Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հիմքում։ Քաղաքականությունը պետք է ֆինանսավորվի ոչ թե առանձին անհատների, այլ հարյուրավոր, հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից, որովհետև հենց նրանք պետք է լինեն քաղաքականության պատվիրատուն։
Շարունակելով տնտեսական զարգացման թեման և չցանկանալով կրկնել այն, ինչ գրված է կառավարության ծրագրում և այն, ինչ ասել եմ որպես վարչապետի թեկնածու մայիսի 8-ին այստեղ ունեցած ելույթում, հարկ եմ համարում ասել հետևյալը. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո միջազգային տարբեր կազմակերպություններ, գործընկեր պետություններ մեզ լրջագույն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնում և մենք իհարկե, կօգտվենք այդ աջակցությունից:
Մենք համարում ենք, որ կառավարությունը տնտեսությունը զարգացնելու համար երկու առանցքային բան ունի անելու. նախ տնտեսվարողներին որևէ ձևով չխանգարել, որ նրանք աշխատեն և արդյունք ստեղծեն, երկրորդը՝ ապահովել բարձր որակի ենթակառուցվածքներ: Մենք հույս ունենք, որ միջազգային կազմակերպությունները, գործընկեր պետությունները մեզ լրջագույն աջակցություն ցույց կտան այս երկու խնդիրները լուծելու հարցում, և դա լինելու է նրանց հետ մեր քննարկումների, երկխոսության կարևորագույն հարցերից մեկը:
Ուզում եմ ընդգծել, որ մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը լինելու է նոր աշխատատեղերի բացումը, աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացումը, աղքատության կրճատումն ու հաղթահարումը, մարդկանց բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը: Երջանկությունն է ի վերջո, այն բարձրագույն նպատակը, որը մենք ցանկանում ենք հասանելի դարձնել մեր քաղաքացիների համար և այսօր դրա համար անհրաժեշտ քաղաքական, սոցիալ-հոգեբանական նախապայմաններն ապահովված են: Այս ճանապարհին մեզ մնում է երաշխավորել սոցիալ-տնտեսական բաղադրիչը, որը, համոզված եմ, կկարողանանք ապահովել սկզբունքային և հետևողական աշխատանքի արդյունքում:
Տիկնայք և պարոնայք,
Ասել եմ արդեն, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ռևերսներ չպետք է լինեն, և այսօր ես վերահաստատում եմ այդ դիրքորոշումը: Հայաստանը շարունակելու է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, Հայաստանը շարունակելու է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ և մեր խնդիրն է լինելու առավել մեծացնել այդ կազմակերպություններում մեր անդամության արդյունավետությունը: Ի դեպ, մայիսի 13-ին Սոչիում տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցելով, համոզվեցի, որ այս նույն խնդիրը հետապնդում են նաև ԵԱՏՄ բոլոր երկրները, ՀԱՊԿ անդամ էլի ուրիշ երկրներ: Սա ասում եմ ընդգծելու համար, որ հարցի նման ձևակերպումը լավ հիմք է ստեղծում ԵԱՏՄ մեր գործընկերների հետ հարաբերություններն ակտիվացնելու համար թե՛ ԵԱՏՄ, թե՛ երկկողմ հարաբերությունների շրջանակներում:
Մեզ համար չափազանց կարևոր է Ռուսաստանի Դաշնության հետ ամենատարբեր բնագավառներում ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելը՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ։
Մենք լրջորեն աշխատելու ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում տարբեր ոլորտներում բարեկամական գործընկերությանը զարկ տալու ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու ուղղությամբ։
Մենք Եվրամիության հետ սերտորեն համագործակցելու ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման և Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ։ Եվրոպական երկրների հետ համագործակցության խորացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է։
Մենք պիտի լրջագույն ջանքեր գործադրենք Իրանի և Վրաստանի հետ այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարևաններին և որոնք հնարավորինս զերծ կլինեն աշխարհքաղաքական ազդեցություններից։
Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Չինաստանի հետ հարաբերություններին և կարծում ենք, որ Չինաստանի ակտիվությունը մեր տարածաշրջանում կարող է նոր խթան հանդիսանալ Հայաստան, Իրան, Վրաստան հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար:
Ընդհանուր առմամբ մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է լինելու ՀՀ Սահմանադրության հոդված 13-ի տրամաբանության իրականացմանը, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»:
Բայց հարկ եմ համարում անել մի շեշտադրում, որը, կարծում եմ, չափազանց կարևոր է մեր արտաքին քաղաքականության ձևակերպման տեսակետից. մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու ամերիկամետ, մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու եվրոպամետ, մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու ռուսամետ։ Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու հակաամերիկյան, մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու հակաեվրոպական, մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու հակառուսական։
Մեր արտաքին քաղաքականության առանցքային նպատակը մեր երկրի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությունն է, մեր երկրի ազգային շահերի սպասարկումը: Սա, կարծում եմ, պետք է կանոն լինի Հայաստանում գործունեություն ծավալող յուրաքանչյուր քաղաքական գործչի, հանրային գործչի, հասարակական կազմակերպության և կուսակցության համար: Մետամետ քաղաքականության ու կեցվածքի մշակույթը պետք է արմատախիլ արվի մեր երկրից: Մենք գործունեության ուղենիշներ չպետք է ունենանք մեր երկրից դուրս: Մեր գործունեության միակ ուղենիշը պետք է լինի մեր երկրի ինքնիշխանությունը, մեր երկրի պետական շահը:
Սա արտաքին, ներքին քաղաքականության և, ընդհանրապես, գործունեության ցանկացած ոլորտում: Եվ ուզում եմ համոզմունք հայտնել, որ սա է Նոր Հայաստանի արժեքային, մշակութային ամենակարևոր նորամուծությունը։ Այսօր շատերը փորձում են կառավարությունում փնտրել և գտնել արևմտամետ, ռուսամետ ամերիկամետ գործիչների, կամ հակառուս, հակաամերիկյան, հակաեվրոպացի գործիչների։ Եվ ուզում եմ ասել, որ սա անիմաստ փնտրտուք է, որովհետև Հայաստանի կառավարության կազմում ընդգրկված են բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, և սրանից դուրս նրանց որևէ այլ կարգավիճակի վերագրումը Հայաստանում հաստատված իրավիճակի սխալ ըմբռնման, թյուրըմբռնման հետևանք է։
Սիրելի հայրենակիցներ,
Ելույթիս այս հատվածում ուզում եմ անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խնդրին: Մի քանի անգամ արդեն հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Այս դիրքորոշումը շատերը մեկնաբանեցին որպես նորույթ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում: Բայց սա հենց այն դեպքն է, որ տվյալ մոտեցումը ոչ մի նորություն չի պարունակում, և այն, ինչ համարվում է նորույթ, ընդամենը լավ մոռացված հինն է: Այն որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում և մինչև 1998 թվականը բանակցային գործընթացը տեղի է ունեցել հենց այս ձևաչափով: 1998 թվականից հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են նաև Ղարաբաղի անունից:
Ճիշտ են արել, թե սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից էր: Եվ հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց ենք վերաբերվում: Նույն բանը չեմ կարող անել ես։ Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, որովհետև դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում հայաստանյան ընտրություններին, չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացին, փոխարենն ունի իր իշխանությունը՝ իր Ազգային ժողովը, կառավարությունն ու նախագահը և նրան կարող է ներկայացնել միայն դա անելու օրինական և լեգիտիմ հիմք ունեցող ներկայացուցիչը:
Տեղյակ եք, անշուշտ, որ ամեն անգամ երբ բանակցային գործընթացին Ղարաբաղին ներգրավվելու հարց է ներկայացվում, Ադրբեջանն ասում է, թե այդ դեպքում բանակցություններին որպես ինքնուրույն կողմ պետք է մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի, այսպես ասած, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Իրականում, սակայն, սա կեղծ փաստարկ է, որովհետև Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների քաղաքացիական կարգավիճակն որևէ փոփոխություն չի կրել կոնֆլիկտի պատճառով: Կոնֆլիկտից առաջ էլ, հետո էլ նրանք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացի: Եվ որպես Ադրբեջանի քաղաքացի՝ այդ մարդիկ շարունակում են մասնակցել Ադրբեջանում տեղի ունեցող ընտրություններին, այդ թվում Ադրբեջանի նախագահական ընտրություններին, ասել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններին մասնակցում է նաև այդ մարդկանց տված մանդատով, ասել է, թե այդ մարդիկ բանակցային գործընթացքում արդեն իսկ ներգրավված են ի դեմս Ադրբեջանի գործող նախագահի:
Ամեն դեպքում, հարկ եմ համարում ընդգծել, որ մեր այս մոտեցումներն որպես բանակցային գործընթացը վիժեցնելու փորձ ներկայացնողները ճիշտ չեն գնահատում իրավիճակը: Ինչպես նախկինում ասել եմ, պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Բայց մինչ այդ պարտավորված եմ զգում ամեն ինչ անել բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու համար, եթե իհարկե, մենք բանակցում ենք խնդիրն իսկապես կարգավորելու, և ոչ թե բանակցելու համար: Բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու առումով պակաս կարևոր չէ, կարծում եմ, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու վրա աշխատելը: Սա էական հարց է, որովհետև մի փոքր անհարմար կլինի բանակցել նոր պայմանավորվածությունների հասնելու շուրջ, եթե նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները մնում են առանց իրագործման:
Այսուհանդերձ, մենք շարունակելու ենք կառուցողական դիրք ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում՝ մեր նպաստը բերելով տարածաշրջանում և աշխարհում կայունության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Ընդգծեմ նաև, որ որպես ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում, ժողովրդական հեղափոխության արդյունքում երկրի ղեկը ստանձնած կառավարության ներկայացուցիչ, համոզված ասում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ հակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի մեր զինված ուժերի և ողջ հայ ժողովրդի ջախջախիչ հակահարվածին:
Ուզում եմ ընդգծել, որ մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, միևնույն ժամանակ պատրաստ լինելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Այս մոտեցումների մեջ չկա որևէ հակասություն, որովհետև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար հայ-թուրքական հարաբերությունների հարց չէ ընդամենը, այլ մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների դեմ պայքարի, դրանց կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանի մասնակցության և ներդրման կարևոր արտահայտություն:
Տիկնայք և պարոնայք,
Վերադառնալով ներքին խնդիրներին, ուզում եմ ընդգծել, որ չափազանց կարևոր եմ համարում հանրային համերաշխության հաստատումը։ Մենք պետք է լրջագույն ջանքեր գործադրենք Հայաստանում բռնությունից զերծ հանրություն ունենալու, բռնությունից զերծ հարաբերություններ հաստատելու համար։ Ցավոք սրտի, երկարատև ներքաղաքական ճգնաժամի տարիներին բռնությունն եղել է սովորական գործիք, որ իշխանությունը կիրառել է ընդդիմադիրների նկատմամբ։ Եվ իրադարձությունները զարգացել են այնպես, որ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվող քաղաքական ուժեր և շրջանակներ նույնպես ուժի և զենքի են դիմել, ինչը բերել է ծանր հետևանքների։
Այսպիսի ճանապարհ անցած մեծ թվով մարդիկ շարունակում են մնալ բանտերում և սա մի իրավիճակ է, որը լրջագույն մտահոգություն է պատճառում Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների, կառավարության բազմաթիվ անդամների։ Եթե հարցին մոտենանք զուտ իրավական ձևակերպումների և առանձին վերցրած գործողության և արարքի տեսակետից, կստանանք մի պատկեր և դա այն պատկերն է, որ ունենք այսօր։ Բայց եթե հարցին նայենք ներքաղաքական համակարգային ճգնաժամի, պատճառահետևանքային կապերի տեսակետից, երբ իշխանությունը գործում էր «մեր դեմ խաղ չկա» տրամաբանության մեջ, այդպիսով լրջագույն փորձությունների ենթարկելով հանրային համբերությունը, իրավիճակը այլ լույսի ներքո կերևա։ Ամեն դեպքում, հանրային համերաշխության և բռնությունից զերծ հարաբերությունների հաստատման տեսակետից չափազանց կարևոր եմ համարում, որ բանտերում չլինեն մարդիկ, ովքեր կարող են համարվել քաղբանտարկյալ:
Բայց և ուզում եմ ընդգծել, որ այս պրոցեսը պետք է հիմնվի շատ հստակ արձանագրման վրա, որ Հայաստանում ուժի, զենքի գործադրմամբ քաղաքական հարցերի լուծման էջը փակված է և վերադարձ այդ ժամանակներին չի լինելու։ Նախկինում ուժի, զենքի դիմած ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած քաղաքական գործիչ պետք է հանդես գա ոչ բռնի քաղաքական պայքար մղելու իր պարտավորության մասին հայտարարությամբ, որովհետև ժողովրդի վստահությունը վայելող մեր կառավարությունն իրեն պատասխանատու է համարում յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ քաղաքական հայացքներից, անվտանգության համար, և չի կարող թույլ տալ, որ ներքաղաքական կամ հանրային հարցերի պարզաբանման ընթացքում լինեն վենդետաներ, հնչեն կրակոցներ, զոհեր լինեն և արյուն թափվի։
Եվ ես հույս ունեմ, որ մենք բոլորս, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքական բոլոր ուժերն ու քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչները հստակ դիրքորոշում կարտահայտեն այս հարցի վերաբերյալ և մեզ կհաջողվի իրապես հանրային համերաշխություն հաստատել, նոր որակի քաղաքական, հանրային հարաբերություններ ունենալ, որտեղ բռնությունը մերժված է և որպես հարաբերությունների գործիք՝ սկսած ընտանիքից ու բակից, վերջացրած ընտրություններով և քաղաքական գործունեություն, բռնությունն ընդհանրապես որևէ տեղ չունի։ Այսուհանդերձ, հարկ եմ համարում ընդգծել, որ այս թեզը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել հանուն օրինականության, հանուն հանրային և ազգային անվտանգության՝ իրավապահ մարմինների կողմից օրենքով նախատեսված դեպքերում և կարգով համաչափ և իրավաչափ ուժի կիրառման արգելք։ Պետությունը և նրա իրավապահ մարմիններն ունեն երկրի կայունությունն ու անվտանգությունն ապահովելու հստակ գործառույթ և որևէ մեկը չկասկածի, որ այդ գործառույթը կիրագործվի լիարժեք և առանց երերալու։
Սա առանձնապես վերաբերվում է հանցավորության դեմ պայքարին, որի անբաժանելի մաս եմ համարում հանցավոր մտածողության դեմ պայքարը։ Մենք համոզված ենք, որ հանցավոր մտածելակերպը բռնության մտածելակերպի ամենակարևոր դաշնակիցն է Հայաստանում և մենք ուրախ ենք արձանագրել, որ հատկապես վերջին շրջանում՝ քաղաքացիական հասարակության զարգացմանը զուգընթաց, Հայաստանում նվազում է հանցավոր կամ այսպես կոչված գողական մտածելակերպի տարածումն ու կիրառությունը։ Այսուհանդերձ, կառավարությունը վճռական է այս երևույթի դեմ պայքար մղելու հարցում և մենք կարծում ենք, որ Հայաստանում տիրապետող մարդկային տեսակը պետք է լինի ոչ թե ուրիշների նկատմամբ առավելություն, լծակներ, իշխանություն փնտրող, այլ իր ինքնությունն ու արժանապատվությունը հարգող, բայց նաև իրեն հավասարներից մեկը համարող, հանցագործությունների բացահայտման հարցում իրավապահ մարմինների հետ համագործակցող քաղաքացին, ում առաջին վերաբերմունքն ուրիշների նկատմամբ ոչ թե առավելություն, իշխանություն, կառավարման լծակ ստանալն է, այլ հարգանքը, հոգատարությունը, ընդհանրության զգացողությունը։
Մենք հետևողականորեն աշխատելու ենք, որ հանցավոր գործունեություն և մտածողություն ունեցող որևէ մեկը նման կերպար չդառնա երիտասարդության ու պատանիների համար։ Մեր երիտասարդության համար նմանակման կերպար պիտի լինեն ազնիվ, սկզբունքային, արդարամիտ և օրինապաշտ անհատները։ Այս իմաստով չափազանց կարևոր եմ համարում հեռուստատեսային եթերի բովանդակության խնդիրը։ Ցավոք, մեր անկախության տարիներին խոսքի ազատություն հասկացության տակ եթերը լցվել է տարատեսակ աղտեղություններով, և ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր կասկածում են, թե սա մարդկանց ցածրացնելու, քաղաքացիական բարձրությունից հպատակության հատակ իջեցնելու հետևողական քաղաքականություն է եղել։
Ամեն դեպքում, կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու շատ պարզ մի խնդրի լուծման. հեռուստատեսային եթերը պետք է հանրության կրթական մակարդակը բարձրացնելո, և ոչ թե ցածրացնելու գործիք լինի, հեռուստատեսային եթերը մարդկանց պետք է արժեքներ փոխանցի, և ոչ թե նսեմացնի արժեքները։ Եվ կառավարությունը մտադիր է օրենսդրական փոփոխություններ ձեռնարկել հանրությանը, պետությանը եթերային կոնկրետ չափանիշներ հաստատելու հնարավորություն տալու համար՝ իհարկե հարգելով ստողծագործական և լրագրողական գործունեության ազատության հանրահռչակ իրավունքները։
Հանրության կրթական մակարդակը շարունակաբար բարձրացնելու գործում առանցքային նշանակություն ունի նաև մշակույթը և կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու քաղաքացու և մշակույթի մշտական հաղորդակցությունն ապահովելուն։ Մեր նպատակն այն է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ամսվա ընթացքում մի քանի անգամ հաղորդակցություն ունենա մշակույթի և մշակութային կյանքի հետ. նկատի ունեմ՝ թանգարան այցելի, թատրոն, ցուցահանդես, համերգասրահ։ Կառավարությունը պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկի վաղ հասակից երեխաներին մշակութային կյանքին առնչվելու սովորությամբ դաստիարակելու համար։
Այս ամենը, սակայն, ոչ թե ինքնի նպատակ է, այլ միջոց՝ հասնելու հանրային հարաբերությունների բոլորովին նոր, բոլորովին ուրիշ մակարդակի։ Եվ այս քաղաքականության գործնական նպատակը պիտի լինի հանրության երկու կամայական ներկայացուցչի հարաբերությունների մակարդակը փոխելը, հարաբերությունների մակարդակն ու որակը բարձրացնելը։ Եվ սա նաև քաղաքական խնդիր է, Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքները հանրության շրջանում արմատավորելու խնդիր, որպեսզի մենք ոչ միայն քաղաքական, այլև հոգեբանական մակարդակում բացառենք վերադարձը հնին՝ բռնության կամ բռնության սպառնալիքի, վախի, հարկադրանքի ու կոռուպցիայի վրա հիմնված հանրային հարաբերությունների համակարգին։
Սիրելի հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք.
Կարծում եմ ընթացիկ ժամանակաշրջանի համար կարևորագույն խնդիրներից է 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների բացահայտումը։ Մենք՝ Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժոովրդական հեղափոխություն իրականացրածներս, բարոյական պարտք ունենք մարտի 1-ի զոհերի առաջ, որովհետև եթե չլիներ 2008 թվականի մարտի 1-ը, վերջին մեկուկես ամսվա ընթացքում քաղաքական իրադարձությունների ժամանակ դժվար կլիներ խուսափել արյունահեղությունից։ Մարտի 1-ի դաժան փորձը իշխանությանը պարտադրեց առավել զգուշավոր լինել ժողովրդական փողոցային վենդետաներից խուսափելու համար։ Իսկ մեզ՝ հեղափոխության կազմակերպիչներիս, այս փորձը օգնեց քաղաքական առաջնորդության պատասխանատվության լրջությունը գիտակցելու և շարժումը ոչ բռնի պայքարի տրամաբանությամբ տանելու հարցում։ Եվ ահա, 2008 թվականի մարտի 1-ի զոհերի քաղաքացիական վաստակի գնահատման կարևորագույն արտահայտություններից մեկը պիտի սպանությունների բացահայտումը, և ես արդեն իսկ այս կապակցությամբ հանձնարարականներ եմ տվել իրավապահ մարմիններին։ Կարծում եմ, իրավապահ այն համակարգը, այն մարմինը, որը կբացահայտի մարտի մեկի սպանությունները, իր անունը ոսկե տառերով կգրի Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մեջ։ Եվ ընդհակառակը՝ իրավապահ համակարգի աշխատանքը բավարար գնահատել չեմ կարող այնքան ժամանակ, քանի դեռ մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն։ Մարտի 1-ի գործը հատուկ եմ առանձնացնում, որովհետև կարծում եմ, որ այն առանձնահատուկ տեղ ունի մեր երկրի պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների շարքում և այս գործի բացահայտված լինել-չլինելը էական ազդեցություն ունի մեր երկրի բովանդակության ու էության վրա։
Կարծում եմ, որ իրավապահ մարմինների առանձնահատուկ պարտավորություների մեջ է մտնում նաև կոռուպցիոն մեխանիզմների գործունեության արդյունքում պետությանը պատճառված իրական վնասի գնահատումը, վերականգնումը և կոռուպցիոն մեխանիզմների բացահայտումը։ Բայց ուզում եմ հատուկ ընդգծել, որ այս մասով մեր նպատակը պետք է լինի ոչ թե ինչ-որ մարդկանց բանտերը լցնելը, այլ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման մեխանիզմներ մշակելը, այդ մեխանիզմների արդյունավետ կիրառումը, եթե անհրաժեշտ է նաև երկարաժամկետության պայմաններով։ Սա ասում եմ ոչ թե կոռուպցիոն որևէ երևույթի, որևէ մեխանիզմի նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերելու, այլ մեր երկրում հաստատված դրական մթնոլորտը պահպանելու զգուշավորության բերումով։
Քավ լիցի, եթե մենք տրվենք վհուկների որս սկսելու, վենդետաներ իրականացնելու տրամաբանությանը։ Դա կզրոյացնի ոչ բռնի հեղափոխության արդյունքները և հանրության շրջանում նորից նյարդային վիճակ կստեղծի։ Որևէ վիճակում, նույնիսկ պետությանը պատճառած խոշոր վնասները փոխհատուցելու գործընթացում, մենք չպետք է խուսափենք երկխոսության, բանակցության տրամաբանությունից, որովհետև մեր խնդիրն ամենևին էլ ինչ-որ մեկին պատժելը չէ կամ վատություն անելը, այլ պետության և ժողովրդի իրավունքները պաշտպանելը։ Այս առումով չափազանց կարևոր եմ համարում սեփականության անձեռնմխելիությունը երաշխավորելը, սեփականության վերաբաշխումներ թույլ չտալը, չնայած ՀՀ քրեական օրենսգրքով այս պահին էլ գործող որոշ գործիքներ համարում եմ կիրառելի։ Այդ գործիքները, սակայն, պետք է կիրառել ծայրահեղ դեպքում, երբ այլ՝ երկխոսության, բանակցության գործիքները կիրառելի չեն։
Միով բանիվ, սակայն, հարկ եմ համարում ընդգծել. նման վերաբերմունքը պետք չէ կիրառել արյան հետ կապված հանցագործությունների դեպքում։ Այս պարագայում օրենքները պետք է գործեն խստագույն ձևով և արդարացի։
Սիրելի հայրենակիցներ,
Կարծում եմ, ակնհայտ է, որ կառավարության առաջիկա ամենալուրջ մարտահրավերներից մեկը պետք է լինի կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը, որոշում կայացնելը: Ինչպես գիտեք, հուլիսի մեկից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը 1974 թվականից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար: Ու քանի որ հարցը ունի հասկայական քաղաքական ենթատեքստ, կառավարությունը պետք է լրջագույն որոշումներ կայացնի այս կապակցությամբ: Իհարկե, մենք պիտի կայացնենք բացառապես այնպիսի որոշում, որը բխում է Հայաստանի ազգային շահերից և այդ որոշումը պետք է լինի գիատկցված ու պատասխանատու:
Եվ ուզում եմ ընդգծել մի քանի փաստեր, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել որոշումներ կայացնելիս.
Փաստ առաջին – Պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80 տոկոսն արդեն իսկ ներառված են համակարգում և շահառուների միայն 20 տոկոսն է, որոնց ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո:
Փաստ երկրորդ – Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:
Փաստ երրորդ – Կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են աշխարհում հսկայական հեղինակություն վայելող և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն գերազանցող կապիտալների տիրապետող ընկերություններ և Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին:
Ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը՝ ռուսերեն точка невазврата: Եվ տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս մենք պետք է հաշվի առնենք ռիսկերը, որոնք ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար:
Ամեն դեպքում, ուզում եմ հիշեցնել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ մեր բոլորիս մեծագույն վերապահումը եղել է վստահության բացակայությունն այն ներդնող կառավարության և իշխանության նկատմամբ: Այսօր այս խնդիրը վերացել է, և ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ այս հարցի վերաբերյալ մենք կկարողանանք կայացնել որոշումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես խնդրի ռազմավարական խորքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերը: Ամեն դեպքում, համոզված եղեք, որ կառավարությունն այս թեմայով կաշխատի մաքսիմալ անկեղծ և թափանցիկ ու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ այս և մյուս հարցերում մեր կայացնելիք որոշումների միակ, կրկնում եմ միակ շարժառիթը հենց քաղաքացիներին, նրանց այսօրվան և ապագային անմնացորդ և դուխով ծառայելն է:
Հաջորդ կարևորագույն մարտահրավերը, որ ծառացած է մեր կառավարության առաջ հանքարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակն է: Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ ոչ առանց հիմքի բազմաթիվ մտահոգություններ ունեն այս ոլորտում տիրող վիճակի կապակցությամբ: Կառավարությունը վճռականորեն արձագանքելու է բոլոր մտահոգություններին, որովհետև խոսքը մեր ազգային հարստության մասին է ու մենք բոլորս պետք է համոզված լինենք, որ այդ հարստության շահագործումը տեղի է ունենում խելամտության և օրենքների սահմաններում, առանց շրջակա միջավայրին անհամաչափ և անվերականգնելի կամ անփոխհատուցելի վնաս հասցնելու և Հայաստանի ռազմավարական շահերի հաշվառումով:
Ինչպես գիտեք, այս կապակցությամբ ես արդեն կոնկրետ հանձնարարականներ եմ տվել: Նախ՝ առժամանակ կասեցվելու են ընդերքօգտագործման համար տրամադրվող նոր թույլտվությունների գործընթացը՝ մինչև օրենսդրական հստակեցումները, շրջակա միջավայրի, առողջության, սոցիալ-տնտեսական ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը։ Եվ հետո լրջագույն ստուգումներ են սկսվելու մետաղական բոլոր հանքերում՝ պարզելու համար դրանց գործունեության օրինականությունը և համապատասխանությունը բնապահպանական պահանջներին: Ընդ որում, այս գործընթացը պետք է լինի ամբողջական, թափանցիկ՝ մասնագիտացված հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներգրավմամբ:
Եվ ուզում եմ հստակ ասել, որ ամեն առանձին դեպքի համար մեր վերջնական դիրքորոշումներն ու որոշումները հիմնված են լինելու բացառապես անառարկելի փաստերի վրա: Ես բացառում եմ, որ մենք որևէ որոշում կայացնենք մեր կամ ուրիշների քմահաճույքներով, կամ կոռուպցիոն շահագրգռությունների հիման վրա կամ պոպուլիստական նկատառումներով:
Մեր արած եզրակացությունների ծագումնաբանությունը պետք է հասկանալի և տեսանելի լինի բոլորին, և այդ որոշումները պետք է բխեն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի ռազմավարական շահերից:
Հաջորդ կարևորագույն խնդիրը, որ անկյունաքարային նշանակություն ունի, դատական անկախ համակարգի գոյությունն է: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելով անձամբ բախվեցի այն իրողության հետ, որ Հայաստանի դատական համակարգը Բաղրամյան 26-ից ստացվող հրահանգներով աշխատելու սովորություն ունի: Հայաստանում, ըստ էության, գոյություն ունեն դատական համակարգի անկախությունն ապահովող որոշակի օրենսդրական կարգավորումներ, բայց այս պարագայում նույնպես իրականությունն ավելի հզոր է, քան օրենսդրությունը: Եվ մեր առաջ, նոր իշխանության առաջ գայթակղության մի մեծ քար է դրված: Ի՞նչ անել, շարունակե՞լ դատարաններին հրահանգավորելու արատավոր ավանդույթը՝ դա հիմնավորելով զանազան բարի նպատակներով, թե, այնուամենայնիվ, կոնկրետ քայլեր անել դատական համակարգի անկախությունն երաշխավորելու և ապահովելու համար:
Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ինքս ինձ համար որոշում եմ կայացրել չշարունակել այս արատավոր գործելակերպը, որ հանրային համոզմունքի համաձայն, երկար տարիներ կիրառվել է Հայաստանում և զերծ մնալ դատավորների շեֆի տարօրինակ դերակատարումը ստանձնելուց: Չնայած խոստովանեմ, շատ հաճախ բախվում եմ կոնկրետ իրավիճակների, երբ դատական համակարգի ներկայացուցիչները միջնորդավորված, անուղղակի ձևերով խնդրում, աղաչում, աղերսում, ի վերջո նաև պահանջում են ասել, թե ինչպես պետք է վարվել այս կամ այն դեպքում:
Ուզում եմ հստակ ասել, որ հրաժարվում եմ նման գործելակերպից, որովհետև դա դեպի դիկտատուրա տանող ուղիղ և ժողովրդական հեղափոխությամբ վարչապետի կարգավիճակի հասած մարդու համար անպատվաբեր ճանապարհ է: Ասել եմ, և էլի կասեմ, որ Հայաստանում դատավոր նշանակված բոլոր անձինք այդ կարգավիճակը ստանձնել են կամավոր, և եթե որոշել են, որ ունեն անհրաժեշտ հմտություններ, գիտելիք, իմաստնություն, մարդկանց ճակատագրերը որոշելու, թող որոշեն ուրեմն, ինչպես և նախատեսվում է օրենքով:
Մյուս կողմից, որևէ դատավոր թող չփորձի կայացնել որոշումներ հիմնված կաշառքի, տարբեր տեղերից ստացվող զանգերի, ստվերային ազդեցությունների վրա, որովհետև նման գործելակերպ որդեգրող դատավորների անխուսափելի հանգրվանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկն է: Ես գիտեմ, ենթադրում եմ, որ Հայաստանում կան դատավորներ, ովքեր սովոր են որոշումներ կայացնել կաշառքով, հրահանգով կամ կոռուպցիոն այլ մոտիվացիաներով: Նրանք, ուրեմն, ովքեր իրենց սովորությունները փոխել չեն կարող, ճիշտ կանեն հրաժարական տան և հեռանան դատաիրավական համակարգից: Իսկ նրանք, ովքեր պատրաստ են ծառայել իրավունքին, օրենքին, հայրենիքին ու արդարությանը, բոլոր այդ դատավորներին ես բարի երթ եմ մաղթում:
Այս ամենը չի նշանակում, իհարկե, թե կառավարութունը խուսափում է անկախ դատական համակարգ ունենալու, այդ համակարգի կայացմանն աջակցելու պատասխանատվությունից: Ընդհակառակը, մենք քայլ ենք անում, որը, հույս ունեմ, բոլորը կգնահատեն ըստ արժանվույն: Այս իմաստով ուզում եմ տարակուսանք հայտնել այն մեկնաբանությունների կապակցությամբ, որոնց հեղինակները պնդում են, թե Հայաստանում առկա է երկիշխանություն, եռիշխանություն, քառիշխանություն:
Այս մեկնաբանությունները ոչ միայն ծիծաղելի են, այլև վկայում են, որ դեռ կան մարդիկ, ովքեր չեն հասկացել և շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Սկսած 2018 թվականի մայիսի 8-ից Հայաստանում չկա և չի կարող լինել երկիշխանություն, որովհետև Հայաստանում հաստատված է աներկբա և անառարկելի ժողովրդի իշխանություն ի դեմս գործող վարչապետի և կառավարության: Ես հույս ունեմ, որ որևէ մեկը չի տրվի այս թեզի ճշմարտացիությունը էքսպերիմենտներով ստուգելու գայթակղությանը: Իհարկե, նման փորձերը ժողովրդի և պետության համար որևէ սպառնալիք ստեղծել չեն կարող, բայց դրանց պոտենցիալ հեղինակներին խորհուրդ եմ տալիս լրջանալ, հակառակ դեպքում ժողովրդական իշխանությունն ինքը ստիպված կլինի նրանց լրջացնել:
Հաջորդ կարևորագույն խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ՝ մեծ հայրենադարձության կազմակերպումն է, երբ Հայաստանից տեղի ունեցող արտագաղթի ալիքը ոչ միայն կկանգնի, այլև կսկսվի հակառակ գործընթացը, երբ տասնյակ, հարյուր հազարավոր սփյուռքահայեր, Հայաստանից հեռացած քաղաքացիներ կվերադառնան և մշտական բնակություն կհաստատեն Հայաստանի Հանրապետությունում: Այս գործընթացի նախանշաններն արդեն իսկ առկա են, բայց, կարծում եմ, առավել մեծ ծավալները ապահովելու համար մենք պետք է հնարավորություն ունենանք Հայաստանի պետական կառավարման գործերում ներգրավվել սփյուռքի մեր հայրենակիցներին, սփյուռքի լավագույն ներուժը: Այս իմաստով, սակայն, գոյություն ունի մի տարօրինակ խոչընդոտ: Դա Սահմանադրության 148-րդ հոդվածի դրույթն է, որը կառավարության անդամի համար սահմանում է պատգամավորին ներկայացվող պահանջներ, ինչը նշանակում է, որ նախարար կարող է լինել վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և վերջին չորս տարում մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձը: Վերջին քաղաքական փոփոխություններից հետո, երբ սփյուռքն առավել քան երբևէ համախմբված է մայր հայրենիքի շուրջ, սահմանադրական այս դրույթը վնասակար և վտանգավոր եմ համարում, և առաջիկայում պետք է քննարկումներ սկսել սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման գործում ներգրավելու այս էական խոչընդոտը վերացնելու մասին և դա կլինի այս պահին հայության համընդհանուր պրամադրություններն ու մտադրություններն արտահայտող կարևոր խոսակցություն:
Հայաստանի և սփյուռքի այս աննախադեպ համախմբումն ու միասնականությունն, իսկապես մեր ունեցած ամենակարևոր ձեռքբերումներից է, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել այդ ձեռքբերումը կապիտալիզացնելու համար:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Այս շրջանում հաճախ է հարց հնչեցվում. կհաջողի այս կառավարությունը, թե ոչ, գոհացուցիչ արդյունքներ կունենա Թավշյա հեղափոխությունը, թե ոչ: Ինձ համար, անկեղծ ասած, նման հարց գոյություն չունի, որովհետև ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում մենք գտել ենք հաջության հասնելու անառարկելի բանաձևը՝ դա հավատն է սեփական ժողովրդի նկատմամբ, դա հավատն է սեփական հայրենիքի նկատմամբ և ծառայության նվիրական զգացումը, որը մեզ առաջ է մղել և առաջ է մղելու անկասելիորեն:
Հայաստանը ազատ, հզոր և երջանիկ պետություն դարձնելու ճանապարհին մեզ չի կանգնեցնի ոչինչ և ոչ ոք: Մենք հաջողել ենք, և հաջողելու ենք, որովհետև ունենք ամենակարևորը՝ ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ժողովրդի վստահությունը սեփական իշխանության նկատմամբ: Մենք հաջողել ենք ու հաջողելու ենք, որովհետև դատարկ ձեռքերով կարողացանք տապալել վախի, կեղծիքի, կոռուպցիայի, լկտիության ամրոցներ, իսկ ինչեր կանենք հիմա, երբ ունենք որոշումներ կայացնելու պետական լիազորություն, լեգիտիմ լիազորություն:
Հայաստանի քաղաքացիների, հայ ժողովրդի իրականացրած թավշյա հեղափոխությունն ընդլայնել է մարդկային հնարավորությունների սահմանը և սա իրականություն դարձնել շատերը, եթե ոչ բոլորը համարում էին անհնար: Մենք ոտք ենք դրել անհավանականը և անհնարինը իրականություն դարձնելու ճանապարհի վրա և այդ ճանապարհով քայլելու ենք անշեղորեն, քայլելու ենք վստահ, քայլելու ենք մինչև վերջ:
Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում:
Շնորհակալություն»: