«Ազատություն» ռադիոկայանը դատապարտել է Ադրբեջանում իրենց կայքի արգելափակումը
«Ազատություն» միջազգային ռադիոկայանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի գերագույն դատարանի որոշմամբ իրենց ադրբեջանական ծառայության կայքն արգելափակված թողնելու վերաբերյալ վճիռը: Այս մասին հայտնում է rferl.org-ը:
Ադրբեջանի գերագույն դատարանում հունիսի 4-ին Մեխպարի Ախմեդովի գլխավորությամբ քննվել էր «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության azadliq.org, azadliq.info կայքերի, «Ազատություն» թերթի, ինչպես նաև արտասահմանում գործող TuranTV կայքի և «Ադրբեջանի ժամանակ» ծրագրի արգելափակման դեմ վճռաբեկ բողոքը:
Ադրբեջանի գերագույն դատարանը մերժել է վճռաբեկ բողոքի հայցը և հաստատել Բաքվի վերաքննիչ դատարանի՝ կայքերն արգելափակման մեջ պահելու վճիռը:
Քննադատելով այս որոշումը՝ «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունն այն անվանել է «անկախ լրատվամիջոցին ճնշելու պետական իշխանության կիրառում»:
«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը, անդրադառնալով կայքի արգելափակման վերաբերյալ որոշմանը, նշել է, որ Ադրբեջանում ազատ լրատվամիջոցների թիրախ լինելու հանգամանքը իրենք հասկացել են դեռևս 2014 թվականին:
«Երբ 2014 թ. մեր գրասենյակը Ադրբեջանի իշխանությունների կողմից անօրինական ճանապարհով և առանց պատշաճ դատավարության փակվեց, մենք հասկացանք, որ անկախ լրատվամիջոցները գտնվում են այդ երկրի իշխանությունների թիրախում, իսկ այս վճիռն էլ հաստատում է այդ հանգամանքը»,-նշել է Քենթը:
Նա ընդգծել է, որ ռադիոկայանի երկու բողոքներ՝ կապված ադրբեջանական ծառայության կայքի արգելափակումը վերացնելու հետ մերժվել են՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունները առաջ քաշված մեղադրանքներն ապացուցելու համար ոչ մի փաստ չեն ներկայացրել: