«Հիմա, օրինակ, ո՞վ կարող է ասել` մեր տնտեսության քանի՞ տոկոսն է ստվերում». Նիկոլ Փաշինյան
«Կենսամակարդակը այնպիսի բան չէ, որ լավանա ու կանգ առնի: Տրամաբանությունը մինչև հիմա այն էր, որ մի քիչ էլ կվատանա ու այդպես կմնա, իսկ հիմա տրամաբանությունն այն է, որ անընդհատ կլավանա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով կառավարության ծրագրին:
Դիտարկմանը, որ ծրագրում նշված չէ տնտեսական աճի որևէ ցուցանիշ, Ն.Փաշինյանը պատասխանեց, որ այսօր խնդիր կա առաջին հերթին գնահատելու մեր տնտեսության ստվերայնության ծավալները.
«Դա շա կարևոր հարց է: Հիմա, օրինակ, ո՞վ կարող է ասել` մեր տնտեսության քանի՞ տոկոսն է ստվերում: Նախկինում գնահատվել է 22%, միջազգային կազմակերպությունները գնահատում են 46%»:
Վարչապետը ուշադրութուն հրավիրեց այն փաստին, որ նախկին կառավարությունների ծրագրերի մեջ ֆիքսված թվերը որպես կանոն չեն իրականացվել.
«Մենք պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել-փչել, մենք պատրաստվում ենք երկրում լրջագույն բովանդակային փոփոխություններ անել և այդ փոփոխությունները կբերեն արդյունքների»: