«Նախկինում զենքի ուժին դիմած ցանկացած քաղաքական ուժ, քաղաքական գործիչ պետք է հանդես գա ոչ բռնի քաղաքական պայքար մղելու իր պարտավորության մասին հայտարարությամբ». Նիկոլ Փաշինյան

«Երկարատև ներքաղաքական ճգնաժամի տարիներին բռնությունը եղել է սովորական գործիք, որ իշխանությունը կիրառել է ընդդիմադիրների նկատմամբ»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իրադարձությունները զարգացել են այնպես, որ ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնող ուժեր և շրջանակներ նույնպես ուժի և զենքի են դիմել, ինչը բերել է ծանր հետևանքների։

«Այսպիսի ծանր ճանապարհ անցած բազմաթիվ մարդիկ շարունակում են մնալ բանտերում, և սա մի իրավիճակ է, որը լրջորեն մտահոգություն է պատճառում ՀՀ բազմաթիվ քաղաքացիների և կառավարության ներկայացուցիչների։ Եթե հարցին մոտենանք զուտ իրավական ձևակերպումների և առանձին վերցրած գործողությունների տեսակետից, կստանանք մի պատկեր, և դա այն պատկերն է, որն ունենք այսօր։ Բայց եթե հարցին նայենք ներքաղաքական համակարգային ճգնաժամի պատճառահետևանքային կապերի տեսակետից, երբ իշխանությունը գործում էր «մեր դեմ խաղ չկա» տրամաբանության մեջ՝ այդպիսով լրջագույն փորձությունների ենթարկելով հանրային համբերությունը, իրավիճակն այլ լույսի ներքո կերևա։ Ամեն դեպքում, հանրային համերաշխության և բռնությունից զերծ հարաբերությունների հաստատման տեսակետից չափազանց կարևոր եմ համարում, որ բանտերում չլինեն մարդիկ, ովքեր կարող են համարվել քաղբանտարկյալներ, բայց և ուզում եմ ընդգծել, որ այս պրոցեսը պետք է հիմնվի շատ հստակ արձանագրման վրա, որ Հայաստանում ուժի, զենքի գործադրմամբ՝ քաղաքական հարցերի լուծման էջը փակված է, և վերադարձ այդ ժամանակներին չի լինելու»,- հայտարարեց վարչապետը։

Ն. Փաշինյանն ընդգծեց, որ նախկինում զենքի ուժին դիմած ցանկացած քաղաքական ուժ, քաղաքական գործիչ պետք է հանդես գա ոչ բռնի քաղաքական պայքար մղելու իր պարտավորության մասին հայտարարությամբ.

«Որովհետև ժողովրդի վստահությունը վայելելով՝ մեր կառավարությունն իրեն պատասխանատու է զգում յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության համար՝ անկախ քաղաքական հայացքներից, և չի կարող թույլ տալ, որ ներքաղաքական կամ հանրային հարցերի պարզաբանման ընթացքում լինեն վենդետաներ, հնչեն կրակոցներ, զոհեր լինեն, ու արյուն թափվի։ Մենք բոլորս ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, հստակ դիրքորոշում կարտահայտի այս հարցի վերաբերյալ, ու մեզ կհաջողվի իրապես հանրային համերաշխություն հաստատել, որտեղ բռնությունը մերժված է»։

Տեսանյութեր

Լրահոս