
Ավստրալիայի վարչապետը ցանկանում է, որ Ցուկերբերգը ելույթ ունենա երկրի խորհրդարանում

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը ցանկանում է, որ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ելույթ ունենա երկրի խորհրդարանում։
«Նա բոսս է եւ Facebook-ի հիմնադիրը, մենք կողջունենք նրա ելույթը մեր խորհրդարանական կոմիտեում»,-ասել է կառավարության ղեկավարը հունիսի 7-ին լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ: Ինչպես խոստովանել է Թեռնբուլը, ինքը «շատ կցանկանար», որ Ցուկերբերգը ժամաներ Կանբերա:
Հունիսի 7-ին ավելի վաղ Ավստրալիայի խորհրդարանի երկու պալատների հետախուզության ու անվտանգության միացյալ կոմիտեի փոխնախագահ Էնթոնի Բիռնը հայտարարել է, որ օրենսդիրները քննարկում են Ցուկերբերգին հրավիրելու հնարավորությունը: Նա այդ կերպ է մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ Facebook-ը գործընկերային համաձայնագրերի շրջանակներում իր հաճախորդների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում Huawei եւ չինական մի քանի այլ ընկերությունների:
«Մեզ համար բացարձակապես անընդունելի է, որ Facebook-ը ծածուկ անձնական տվյալներ է տրամադրել Huawei-ին,-հայտարարել է Բիռնը:-Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչու է Ցուկերբերգը դա թույլ տվել եւ, եթե պահանջվի, նրան կհրավիրենք ելույթ ունենալ բաց լսումներին: Նա պետք է բացատրություն տա մեր կոմիտեին ու Ավստրալիայի ժողովրդին»: Օրենսդիրը հիշեցրել է, որ Faceboob-ի օգտատերեր են 15 մլն ավստրալացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: