Բաժիններ՝

Մերկելն առաջարկել է կրճատել Եվրախորհրդարանի կենտրոնակայանների թիվը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի կենտրոնակայանը պետք է գտնվի ոչ թե մի քանի, այլ մեկ վայրում: Այդ մասին գրել է Handelsblatt թերթը: «Եվրախորհրդարանի աշխատանքը պետք է կենտրոնանա մեկ վայրում»,- ասել է Մերկելը հունիսի 6-ին Մյունխենում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում ունեցած իր ելույթում: Ներկայում եվրոպացի խորհրդարանականներն աշխատում են միանգամից երեք վայրում՝ Բրյուսելում, Ստրասբուրգում եւ Լյուքսեմբուրգում:

Կանցլերը նաեւ հանդես է եկել Եվրամիության ինստիտուտների խորը բարեփոխման օգտին: Ի թիվս այլ բաների, նա վերստին հորդորել է կրճատել Եվրահանձնաժողովի անդամների թիվը:

Ավելի վաղ Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստյան Կուրցն անհրաժեշտ է համարել կրճատել Եվրամիության ինստիտուտների ծախսերը: «Կարծում եմ, որ եթե մենք ցանկանում ենք տնտեսման հասնել Եվրոպայում, Բրյուսելը պետք է լավ օրինակ ծառայի եւ կրճատի իր վարչական ծախսերը»,- ասել է նա:

Կուրցը, մասնավորապես, առաջարկում է եվրակոմիսարների թիվը 28-ից կրճատել մինչեւ 18, ինչպես նաեւ հրաժարվել Եվրախորհրդարանի նիստերի անցկացման երկու վայրերից մեկից: «Եթե մենք շրջափոխման սկզբունքի հիման վրա եվրակոմիսարների թիվը 28-ից կրճատենք մինչեւ 18, դա ոչ միայն կբերի ծախսերի տնտեսման, այլեւ շատ ավելի արդյունավետ ու կենտրոնացված կդարձնի Եվրահանձնաժողովը»,- նշել է կանցլերը:

ԵՄ-ի բյուջեն 2014-2020 թվականների ավարտվող յոթնամյա ցիկլում կազմում Է 1087 մլրդ եվրո, ընդ որում՝ 2021-2027 թվականների բյուջեի նախագծում Եվրահանձնաժողովը ցանկանում է այդ թիվն ավելացնել մինչեւ 1279 մլրդ եվրո:

Ինչպես ավելի վաղ ընդգծել է բյուջեի եւ մարդկային ռեսուրսների եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը, ԵՄ-ի երկրներին ոչ քիչ ջանքեր կպահանջվեն բյուջեի ճեղքվածքը փակելու համար, որն առաջացել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատճառով: Եթե այսօր եվրոպական հանրակցության երկրները ԵՄ-ի բյուջեին հատկացնում են իրենց ՀՆԱ-ի 1 տոկոսին համարժեք գումար, ապա այժմ այդ ցուցանիշը կմեծանա մինչեւ 1,11 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս