Բաժիններ՝

«Ղարաբաղում այդ խնդիրը 2002 թվականից չկա՝ շնորհիվ իմ տնտեսական գործունեության». Արայիկ Հարությունյան

«Մինչև վարչապետ նշանակվելս եղել եմ Արցախի ամենախոշոր գործարարը՝ չհաշված  մենաշնորհները և Դրմբոնի այն ժամանակվա ոսկու հանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իր ունեցած բիզնեսների մասին՝ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, որն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։

Նա ասաց, որ 2006 թվականից հետո՝ վարչապետ նշանակվելով՝ չի զբաղվել գործարարությամբ։

«2000 թվականին սկսել եմ հող մշակել Ջաբրաիլում՝ սահմանամերձ տարածքում, որտեղ մարդիկ մինչև այսօր վախենում են գնալ։ Աղդամի տարածքում առաջին անգամ սկսել եմ հող մշակել 1997-ից, երբ մարդիկ Աղդամի տեղը չէին իմանում։ Հետո մասնացել եմ այն ժամանակվա Մարտունու և Կարմիր շուկայի գինու գործարանների սեփականաշնորհմանը. երկու ավերակ՝ պատերազմից հետո։

Իմ գործընկեր Բարսեղ Բեգլարյանի հետ դարձրել ենք Ղարաբաղի ամնենահեռանկարային ընկերություններից մեկը, որը նաև զբաղվում է խաղողի մշակմամբ, և այլն։ Երբ Հայաստանում միշտ բողոքում են խաղողի մթերումից, Ղարաբաղում այդ խնդիրը 2002 թվականից չկա, այդ խնդիրը լուծվել է՝ շնորհիվ իմ տնտեսական գործունեության։

Այսօր այդ գործարանն իրականացնում է գյուղմթերքի վերամշակում։ 2007 թվականից չեմ խորանում։ 2007 թվականին ունեցել եմ այդ գործարանի 50 տոկոս փայաբաժինը, հիմա ունեմ 30 տոկոսը, քանի որ անհրաժեշտ են եղել ներդրումներ, իմ հնարավորությունները չեն ներել, հողերն այսօր մշակվում են, չգիտեմ՝ քանի հեկտար են։ Հայտարարագիրը ներկայացնում եմ, չեմ թաքցնում։ Ստեփանակերտում կա նաև խանութ, որը վերջերս նվիրել եմ մեծ աղջկաս, որը 16 տարեկան դարձավ»,- նշեց Ա. Հարությունյանը։

Նա նաև հայտարարեց, որ, եթե մարդ կա, որը կցանկանա այն հողերը, որն ինքն է մշակում, ինքը սիրով կտրամադրի, որ մշակեն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս