Առողջապահության նախարարն ու հայտնի անձինք «քարսիթը հնարավորություն է տալիս» ֆեյսբուքյան արշավին
Ֆեյսբուքի բազմաթիվ օգտատերեր #CarSeatGivesChance #RoadSafety հեշթեգերով ֆեյսբուքյան արշավ են սկսել, որտեղ կարևորվում է ավտոմեքենաներում երեխաների համար նախատեսված նստատեղերի օգտագործումը: Արշավին միացել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով իր սեփական օրինակով ցույց է տալիս, որ իր երեխաների կյանքն ու առողջությունն առաջնային են իր համար։
«Նրանք դեռևս 12 տարեկան չկան, և իմ ավտոմեքենայում նրանք երթևեկում են հատուկ մանկական նստատեղերում։ Ես շանս եմ տալիս իմ երեխաներին», – ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:
Ֆեյսբուքյան արշավին միացել են նաև հաղորդավար Էրիկ Անթառանյանը, «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաք նախագծի ղեկավար Արեն Ափիկյանը, և այլոք:
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել` թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով, ինչպես նաև հետևի նստատեղին` դրանց վրա տեղադրվող այլ հարմարանքների (բարձիկ և այլն) օգնությամբ` կառուցվածքով նախատեսված և կահավորված անվտանգության գոտիներով չամրակապված վիճակում, բեռնատար ավտոմոբիլի թափքում,ինչպես նաև մոտոցիկլի հետևի նստատեղին:
«Երեխաների փոխադրում» ճանաչման նշան ունեցող, կանգառ կատարած տրանսպորտային միջոցին մոտենալիս` վարորդները պետք է իջեցնեն արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կանգնեն` երեխաներին երթևեկելի մասն անարգել անցնելը թույլ տալու համար: