«Մենք՝ հրաժարականի դիմում ներկայացրածներս, օգնում ենք նախագահին ավելի արագ իրականացնել այն բարեփոխումների ծրագիրը, որը կա». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ասում է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Բակո Սահակյանի կողմից սկսված բարեփոխումների շրջանակներում։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ այդ բարեփոխումների հիմքում դրված էին նաև կադրային լուրջ փոփոխությունները։ Նա ասաց, որ Բ. Սահակյանն արդեն մայիսի կեսին սկսել էր այդ բարեփոխումների առաջին քայլերը, որ պետք է շարունակվեին, սակայն կենցաղային հողի վրա տեղի ունեցան զարգացումներ։

«Ընդամենը երկու օր առաջ ես հայտարարարել եմ, որ այն, ինչր պատրաստվում է անել երկրի նախագահը, մարդկանց ներկայացրած պահանջն ընդամենը մի փոքր մասն է այդ ամենի, մենք եղել ենք անկեղծ։ Այսօր ես այդ դիմումը ներկայացրել եմ՝ հիմքում ունենալով դա։ Պետք են կադրային լուրջ փոփոխություններ, որը պլանավորել է երկրի նախագահը։ Մենք՝ հրաժարականի դիմում ներկայացրածներս, օգնում ենք նախագահին ավելի արագ իրականացնել այն ծրագիրը, որը կա»,- նշեց Ա. Հարությունյանը։

Նա ասաց, որ շարունակելու է ղեկավարել իր կուսակցությունը, զբաղվել քաղաքականությամբ և օգնել Բ. Սահակյանին՝ իրականացնել իր ծրագրերը։ Նա ասաց, որ որպես ամենամեծ քաղաքական ուժ՝ իրենք պետք է կապող օղակ հանդիսանան հասարակության և իշխանությունների միջև և նպաստեն նախագահի կողմից իրականացվող բարեփոխումներին։

Ըստ Ա. Հարությունյանի՝ անհրաժեշտ է հաճախակի իրականացնել կադրային փոփոխություններ. «Սկսում ենք մեզնից»։

Դիտարկմանը, թե՝ գուցե ճնշումներ են եղել ձեզ վրա, որ հրաժարականի դիմում ներկայացնեք, Ա. Հարությունյանն այսպես արձագանքեց. «Միայն ծիծաղ է առաջացնում»։

Տեսանյութեր

Լրահոս