Ադրբեջանում գրանցված երկրաշարժի հետևանքով սթրեսից 63-ամյա քաղաքացի է մահացել
Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում հունիսի 5-ի երեկոյան գրանցված մոտ 6 բալանոց երկրաշարժի հետևանքով Կախի և Զաքաթալայի շրջանային հիվանդանոցներ է դիմել 31 մարդ: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Զաքաթալայայի շրջանի բնակիչների փոխանցմամբ՝ Գյոյամ գյուղի 63-ամյա բնակիչը սթրեսից մահացել է, իսկ Կախ քաղաքի 13-ամյա մի բնակչուհի էլ կոտրել է ոտքը:
Տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Զաքաթալայի շրջանի մի քանի տներում և շենքերում ճեղքեր են առաջացել:
Երկրաշարժի հետևանքով գյուղերում փլվել են գոմերի պատերը, տների պատերին առաջացել են ճեղքեր:
Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.550 և արևելյան երկայնության 46.860 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: