Չարաշումների դեպքեր այս պահին չկան. անհրաժեշտության դեպքում ԱԱԾ-ն կմիջամտի. ՀՀ պաշտպանության փոխնախարար
Չնայած Արցախում ընթացող գործընթացներին` սահմանին իրավիճակը նորմալ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը:
«Ինձ հայտնի չէ անհանգստության պատճառ»,- ասաց Մ. Ղամբարյանը:
Ըստ նրա` նախարարությունում իր առաջնահերթությունը լինելու է ֆինանսական կարգապահության մասով լրացուցիչ մեխանիզմների ներդրումը:
168.am-ի հարցին` նախարարությունում ֆինանսական չարաշահումների մասով ուսումնասիրություններ արվո՞ւմ են, կա՞ն բացահայտումներ, Մ.Ղամբարյանը պատասխանեց, որ ուսումնասիրություն կատարվում է.
«Նայում ենք նախկին ֆինանսական հոսքերը, եթե բարելավման կամ արդյունավետության բարձրացման տեղեր կլինեն, ապա միանաշանակ աշխատանքներ կարվեն: Չարաշումների դեպքեր այս պահին չկան»:
Նա նշեց, որ անհրաժեշտության դեպքում ԱԱԾ-ն կմիջամտի:
Մ. Ղամբարյանը տեղեկացրեց, որ զինվորներին հագուստի մատակարարումների հետ կապած ինքն էլ է դժգոհություններ ստացել, հարցն ուշադրության ներքո է պահվում, բայց քանակի պակաս ու որակի խնդիր կարծես չկա:



