Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ: Նա տեղեկացրել է, որ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօր իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին:

Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանի աշխատակազմին` տասնմեկ ու կես տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար` նրանց մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ հետագա աշխատանքում.

«Ես վստահ եմ, որ այն հիմքերը, որոնք դրվել են այս տարիներին, միայն օգնելու են ձեզ ամենայն պատասխանատվությամբ շարունակելու իրականացնել հայրենաշինությանը միտված հետագա բոլոր ծրագրերը»:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանն աշխատակազմի և անձամբ իր կողմից շնորհակալություն է հայտնել մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` համերաշխության, կայունության մթնոլորտում և երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար:

Նա իր խոսքում վստահեցրել է, որ մարզպետարանի աշխատակիցները, հանդիսանալով պետական ծառայողներ և գիտակցելով պետությանն ու ժողովրդի հանդեպ իրենց ունեցած պարտականությունները, կշարունակեն պատվով կատարել իրենց գործառույթները` անկախ հանգամանքներից:

Արմավիրի մարզպետարան

Տեսանյութեր

Լրահոս