Բաժիններ՝

Սինգապուրում Թրամփը միջուկային զինաթափման հստակ ժամկետներ է ակնկալում Կիմ Չեն Ընից. Bloomberg

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում սպասվող իրենց հանդիպման ընթացքում հայտարարի Փհենյանի միջուկային զինաթափման իր հանձնառության մասին: Այս մասին հունիսի 5-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին, որոնք ծանոթ են երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստման պլաններին:

Նրանց տվյալներով՝ Թրամփի օգնականները, որոնք նրան նախապատրաստում են հանդիպմանը, խորհուրդ են տալիս նախագահին՝ ոչ մի զիջման չգնալ ԿԺԴՀ-ին: Ինչպես հայտնել են գործակալության աղբյուրները, Թրամփը մտադիր է ցանկացած պահի ընդհատել հանդիպումը, եթե նրան թվա, որ այն չի բերի դրական արդյունքի: Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է Bloomberg-ը, ԱՄՆ-ի ղեկավարը չի բացառում, որ կարող է առաջարկել Կիմ Չեն Ընին՝ անցկացնել եւս մեկ գագաթնաժողով, հավանաբար՝ աշնանը՝ Ֆլորիդայի նահանգի իր «Մար ա Լագո» նստավայրում, եթե նրանց հաջողվի ընդհանուր լեզու գտնել:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել է, որ Սինգապուրում երկու ղեկավարների գագաթնաժողովը կսկսվի հունիսի 12-ին տեղական ժամանակով ժամը 09:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:00-ին) սինգապուրյան Սենտոս կղզու Capella հյուրանոցում: Ինչպես նշում է Bloomberg-ը, եթե առաջին հանդիպումը հաջող անցնի, ապա բացառված չեն հետագա բանակցությունները նույն օրը կամ նույնիսկ հունիսի 13-ին: Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Թրամփի օգնականները գտնում են, որ նախագահը պատրաստ է հանդիպման անցկացմանը:

Բանակցություններին նրա նախապատրաստմամբ մի քանի շաբաթ զբաղվել են, մասնավորապես, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն եւ ԿՀՎ-ում Կորեայի հարցերով գլխավոր փորձագետ Էնդրյու Կիմը, գրում է գործակալությունը: Սինգապուր ուղեւորվող ամերիկյան պատվիրակության կազմում կլինեն նաեւ Փոմպեոն, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին եւ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, նշում է Bloomberg-ը: Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը եւ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը Սինգապուր չեն մեկնի:

Թրամփն անցած շաբաթ հաստատել է, որ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպումը կկայանա հունիսի 12-ին Սինգապուրում: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ առայժմ չի պլանավորում որեւիցե փաստաթուղթ ստորագրել գագաթնաժողովի ժամանակ: Նրա խոսքով՝ ինքը նաեւ այլեւս չի ցանկանում ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում օգտագործել «առավելագույն ճնշում» արտահայտությունը՝ երկրների միջեւ երկխոսության նորմալացման հեռանկարների ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս