Բաժիններ՝

Ամերիկյան ընկերությունները պատրաստվում են փակել իրենց բիզնեսն Իրանում. The Wall Street Journal

Տասնյակ ամերիկյան ընկերություններ պատրաստվում են թողնել իրենց բիզնեսն Իրանում՝ կապված Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման հետ: Այդ մասին, հայտնել է The Wall Street Journal թերթի էլեկտրոնային տարբերակը: Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ի առնվազն 17 ընկերություններ իրենց օտարերկրյա մասնաճյուղերի միջոցով Իրանում բիզնես էին վարում Թեհրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումից հետո, ըստ որի չեղարկվել են հանրապետության դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները:

ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ բորսաների գծով հանձնաժողովի տվյալների համաձայն, այս ընթացքում տվյալ ընկերությունների ընդհանուր եկամուտները կազմել են 176 մլն դոլար: Բացի այդ, Իրանի հետ աշխատում են ԱՄՆ-ի բազմաթիվ մանր մասնավոր ընկերություններ, որոնք պարտավոր չեն Հանձնաժողովին հայտնել իրենց եկամուտների մասին, գրում է թերթը:

Խոշոր ընկերությունների թվում, որոնք օգտվեցին Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից եւ սկսեցին բիզնես վարել նրա հետ, մտնում են Honeywell օդատիեզերական կորպորացիան, էներգետիկական General Electric-ը, արդյունաբերական Dover-ը, Chubb ապահովագրական ընկերության ամերիկյան ստորաբաժանումը: Դրանք բոլորն այժմ պատրաստվում են հեռանալ Իրանից, որպեսզի չխախտեն պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի օրենքները:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն:

Թրամփը խոստացել է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Մայիսի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է աննախադեպ ճնշում գործադրել Թեհրանի վրա, այդ թվում՝ սահմանել պատժամիջոցների՝ պատմության մեջ ամենախիստ ռեժիմը, եթե Իրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս