Բաժիններ՝

Դատախազը կրկին միջնորդել է կալանավորել Մասիսի քաղաքապետի տեղակալին

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը կրկին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ միաժամանակ դատարան ներկայացնելով հիմնավոր կասկածի առկայությունը հավաստող ապացույցները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում 2018 թ. հունիսի 1-ին որոշում է կայացվել Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով վերջինիս մեղադրանք է առաջադրվել և դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

2018 թ. հունիսի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալին վերագրվող հանցագործությունը վերջինիս կողմից կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:

Նշված դատական ակտով դատարանն արձանագրել է Կ. Օհանյանին վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը և հանգել հետևության, թե վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար չեն արձանագրելու, որ առկա է մեղադրյալ Կ. Օհանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:

Այլ խոսքով՝ դատարանը գտել է, որ մեղադրյալ Կարեն Օհանյանի արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանում նրան վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին: Դատախազությունում մանրամասն ուսումնասիրվել են հիշյալ դատական ակտը, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ դրան կից ներկայացված նյութերով հանդերձ: Արդյունքում պարզվել է, որ կոնկրետ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինը դատարանին չի տրամադրել քրեական գործում առկա՝ երկու տեսագրությունների զննությունների մասին արձանագրությունները, տեսանյութերը, որոնք ուղղակիորեն հաստատում են մեղսագրված արարքին մեղադրյալ Կ. Օհանյանի առնչությունը: Իսկ դատարանի նշված որոշման հիշյալ հիմնավորումները և մեկնաբանությունները բացառապես պայմանավորված են եղել մեղադրյալ Կ. Օհանյանի վերաբերյալ նախաքննության ընթացում ձեռք բերված ապացույցները դատարանի տրամադրության տակ չլինելով:

Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև կալանավորման կիրառման հիմքերի առկայությունը՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը 2018 թ. հունիսի 5-ին կրկին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ միաժամանակ դատարան ներկայացնելով հիմնավոր կասկածի առկայությունը հավաստող ապացույցները»,- ասացին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս